News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Մայիսի 13-ի ուշ երեկոյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում է ստացել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Սերժանտ Պետրոսյանը վիրավորվել է որովայնի շրջանում: Նրան տեղափոխել են զինհոսպիտալ եւ վիրահատել: Բժիշկները երիտասարդի վիճակը ծանր են գնահատում:

Կայացել է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Սոչի է մեկնել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի նորանշանակ վարչապետը գործընկերներին վստահեցրել է, որ Երեւանը հավատարիմ է ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵՏՄ-ի շրջանակում:

Նիստի շրջանակում Փաշինյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետն ընդգծել է հայ-ռուսական հարաբերություններին նոր իմպուլս հաղորդելու ցանկության եւ կարեւորության մասին: Պուտինն իր հերթին վերահաստատել է. Ռուսաստանը Հայաստանին տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից է համարում:

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Սոչիի օդանավակայանից անմիջապես մեկնել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, հետո բացօթյա հանդիպում անցկացրել տեղի հայ համայնքի հետ:

Այսօր նորանշանակ նախարարների առաջին աշխատանքային օրն էր: Նախկին կառավարության մի շարք անդամներ աշխատակիցներ են ներկայացրել նոր նախարարներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սակայն, դա չի արել: Իսկ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մի քիչ ուշացել էր աշխատանքից. ներողություն խնդրեց: Կառավարության ամենաերիտասարդ անդամը պատրաստվում է մեծ եռանդով գործի լծվել: Նախարարությունում նաեւ կադրային փոփոխություններ կանի, բայց առայժմ չի կարող ասել, թե կոնկրետ որ պաշտոնների մասին կարող է խոսք գնալ:

Փաշինյանի նշանակումներից տարակուսանք առաջացրեց նաեւ հանրությանն անհայտ Լիլիթ Մակունցին մշակույթի նախարարի պաշտոնը վստահելը: Մակունցը սա նորմալ, միաժամանակ տրամաբանական է համարում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարն էլ Facebook-ում հրապարակած տեսանյութում մտահոգություն է հայտնել, որ վերջին օրերին տարբեր քաղաքացիներ հանդես են գալիս շարժման անունից, գնում գյուղապետարաններ եւ համայնքապետերի հրաժարականը պահանջում: Սուրեն Պապիկյանը նաեւ քաղաքացիներին հորդորել է այլեւս ճանապարհներ փակելով խնդիրներ չլուծել: Վստահեցնում է, որ նոր կառավարության անդամները կընդունեն ցանկացած խնդրով դիմողներին:

Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանը վերջին նշանակումներն արեց եւ կառավարության կազմը վերջնականապես ձեւավորվեց: Նոր կառավարությունում, որը բաղկացած է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից եւ 17 նախարարից, ընդամենը երկուսն են կին: Նրանցից մեկը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանն է. նա զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Երկրորդը Լիլիթ Մակունցն է, նշանակվել է մշակույթի նախարար:

Առաջին փոխվարչապետի եւ մեկ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրել են Փաշինյանի կուսակիցներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, երկրորդ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է բանկիր Մհեր Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաերիտասարդ անդամը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան, ամենատարեցը՝ Զոհրաբ Մնացականյանը՝ 52 տարեկան:

Պետական եւ դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է նշանակվել է արտգործնախարարի, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում: Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ-ին բաժին է հասել 2 նախարարական պորտֆել. ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրով Դաշնակցությունը երեք պորտֆել ուներ: ԲՀԿ-ն գործադիրում 4 նախարար ունի, այս կուսակցության քվոտայով է նշանակվել նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի նոր ոստիկանապետն էլ Վալերի Օսիպյանն է, ԱԱԾ տնօրենը՝ Արթուր Վանեցյանը:

Ազգային ժողովը նոր պատգամավորներ կունենա. մի շարք խորհրդարանականներ նոր կառավարությունում պաշտոն են ստացել: «Ելք» խմբակցությունում Մանե Թանդիլյանին, որը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը, արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանին՝ «Լուսավոր Հայաստանից» Հայկ Կոնջորյանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին՝ «Քաղաքացիական պայմանագրից» Հրաչ Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանը: Երկու նոր պատգամավոր կունենա ՀՅԴ խմբակցությունը. Աղվան Վարդանյանին կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը, Արմեն Բաբայանին՝ Սպարտակ Սեյրանյանը: Գրիգոր Ավալյանին էլ ՀՀԿ խմբակցությունում կփոխարինի Հակոբ Հակոբյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել սահմանախախտ օտարերկրացիների մասին: Մայիսի 8-ին Նախիջեւանի կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձ կատարած 6 անձինք Բանգլադեշի քաղաքացիներ են: Նրանց բռնել են սահմանին հերթապահություն իրականացնող հայ զինծառայողները: Սահմանախախտները ցուցմունքում հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր էին Իրանի տարածքով Թուրքիա անցնել, սակայն մոլորվել եւ հայտնվել են Հայաստանում: Նրանց մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել: Հայկական կողմը փորձում է պարզել սահմանահատման իրական դրդապատճառները, ինչպես նաեւ ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորումների հետ նրանց հնարավոր առնչությունը:

Մահացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը՝ 117-ամյա Ֆարանգ Բաղդասարյանը: Այս մասին տեղեկացրել է Նոր Կյանք համայնքի ղեկավարը: Ֆարանգ Բաղդասարյաննը ծնվել էր 1901 թվականին Իրանում: Հայաստանում Ֆարանգ տատը բնակվում էր Արարատի մարզի Նոր կյանք համայնքում:

Դոլարը շարունակում է արժեզրկվել, եվրոն՝ թանկանալ: Մայիսի 14-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 581, ռուբլունը՝ 7 դրամ 86 լումա, ֆունտինը՝ 659 դրամ:

Մայիսի 15-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ