News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգի դիպլոմներ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին եւ նրանց ծնողներին,  նշել է, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը եւ հաղթելը հաճելի ու մոտիվացնող զգացողություն է:

«Որպես դպրոցական՝ ինքս էլ եմ բազմաթիվ մրցույթների մասնակցել եւ 1-ին տեղեր զբաղեցրել, դրա համար գիտեմ՝ ինչ ենք զգում այս պահին: Որպեսզի այդ հաղթանակից հետո դատարկության զգացողություն չունենաք, անմիջապես անցեք հաջորդ նպատակների իրագործմանը, որովհետեւ նման հաջողություններից հետո օբյեկտիվորեն դժվար է լինում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին, քանի որ, ըստ նախարարի, շուրջ 60 հազար դպրոցականի շրջանում մրցույթի կազմակերպումը բավականին բարդ աշխատանք է:

«Օլիմպիադաների հարցում նախկինում հնչել են քննադատություններ առ այն, որ դրանց ընթացքում չեն ստուգվում աշակերտների վերլուծական-քննադատական ունակություններն ու հմտությունները: Մասնագետների հետ կքննարկենք այս հարցը եւ հաջորդ տարիներին թերեւս վերանայենք որոշակի մոտեցումներ: Այս սերունդը մեծ հեռանկարներ ունի, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բավականին ազատ եւ արդար քաղաքացի եւ աշակերտ ունենք, ովքեր կերտելու են միանգամայն այլ Հայաստան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ:

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվել են 16 առարկայից, որոնցից «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» եւ «Աշխարհագրություն» առարկաներից սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:  16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63, երկրորդ կարգի դիպլոմի՝ 105 եւ երրորդ կարգի՝ 162 աշակերտ:

Տպել
Partner news