Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն ունեն երկու հարթություն. մեկը, որ չվերսկսվեն ռազմական գործողությունները, երկրորդը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով` բոլորի համար ակնհայտ է, որ համանախագահների ուշադրությունը կենտրոնացած է առաջին հարթության վրա. «Վիեննայի հանդիպմանը նշվեց, որ չի կարող բանակցություններում լինել առաջընթաց, եթե կողմերի միջեւ չկա վստահություն: Իսկ վստահությունը չի կարող լինել, եթե կրակում են իրար վրա: Դրա համար առաջ քաշեցին վերահսկողության մեխանիզմների հարցը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արդեն տարիներ առաջընթաց չկա, բայց բանակցություններ կան, որովհետեւ բանակցությունները նպաստում են իրավիճակը մեղմելուն եւ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողություններ:
Շավարշ Քոչարյանի խոսքով, առաջիկայում արցախյան բանակցություններում ոչ մի նոր բան չի սպասվում. «Նույն ձեւի շարունակություն է սպասվում»:
Փոշնախարարի խոսքով, համանախագահները հունիսին կայցելեն Հայաստան եւ կլինի հանդիպում ԱԳ նախարարի հետ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասով այս պահին ոչինչ ասել չի կարող: