News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանական լվացքատան» միջոցով փոխանցված փողերի մի մասը գտնվել են ադրբեջանական մասնավոր ընկերության տնօրինության տակ, որը ԱՄՆ-ում լոբբիստների է վարձել: Այս մասին ասվում է Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնի (OCCRP) նոր հետաքննության մեջ:

Կենտրոնի հետաքննությունը ցույց է տվել, որ «Ադրբեջանական լվացքատան» կենտրոնում գտնվող ընկերությունները, մասնավորապես Metastar Invest-ը եւ Hilux Services-ը, ավելի քան 1,5 միլիոն դոլար են փոխանցել ««Renaissance Associates» խորհրդավոր ընկերության հաշիվներին, որը չունի ոչ կայք, ոչ էլ կոնտակտային տվյալներ:

Ընկերության միակ արտասահմանյան գործընկերը  BL&A ընկերությունն է, որը գրանցված է Վիրջինիա նահանգում: Հենց այս ընկերությունն է ԱՄՆ-ում զբաղվել Բաքվի շահերի լոբբինգով, այդ թվում արշավների համար գումարներ փոխանցել սենատորներին եև կոնգրեսականներին, որոնք օտարերկրյա պետություններին բյուջեի բաշխման կոմիտեի անդամներ են:

Հետաքննությունը նշում է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում լոբբինգի հիմնական դեմքը պատգամավոր Էլհան Սուլեյմանովն  է:

BL&A-ն զբաղվել է Բաքվի շահերի լոբբինգով` Ղարաբաղի հարցի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջով նավթամուղի ֆինանսավորման խնդրի վերաբերյալ:

Այսպես, 2008-2016 թվականներին ընկերության նախագահ Բոբ Լոուրենսը Կոնգրեսի հատկացումների ենթահանձնաժողովին Ադրբեջանին եւ Հայաստանին ֆինանսավորման տրամադրման վերաբերյալ խորհուրդներ է տվել: Իր ելույթներում նա ընդգծում էր Բաքվի նավթային եւ գազային ռեսուրսների կարեւորությունը եւ անգամ կոչ էր անում հեռացնել 907 օրենքի մի մասը՝ ազատության աջակցության օրենքի, որն արգելում է Ադրբեջանին ուղիղ օգնության տրամադրումը: Նա նաեւ պնդել է, որ Հայաստանը «հանցագործներին պաշտպանող եւ մարդու իրավունքները խախտող պետություն է»:

Նշվում է նաեւ, որ BL&A-ն գրանցված չէ որպես օտարերկրյա գործակալ: Տեխնիկապես «Renaissance» ընկերությունը, որից BL&A-ն միջոցներ է ստացել, ոչ մի կապ չունի Բաքվի հետ:

Սակայն  «Renaissance»-ը ֆինանսավորվել է այն ընկերություններից, որոնք ներգրավված են «Ադրբեջանական լվացքատուն» սխեմայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ