News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-7-ին Երեւանում տեղի ունեցավ առաջին բրիտանա-հայկական բիզնես համաժողովը: Համաժողովին մասնակցեցին բրիտանական 10 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Հայաստան էին ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում Առևտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ: Համաժողովի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում Մարկ Փրիթչարդը ներկայացրեց իր տպավորությունները Հայաստանում ներդրումային կլիմայի վերաբերյալ եւ խոսեց միջոցառումից իր ակնկալիքների մասին:

Ինչպե՞ս եք գնահատում բիզնես համաժողովը: Ինչպիսի՞ գործնական քայլեր եք ակնկալում երկու երկրների գործարարների հանդիպումների արդյունքում:

Սա իր տեսակի մեջ առաջին բրիտանա-հայկական բիզնես համաժողովն է, ինչն ընդգծում է բրիտանական դեսպանատան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Միջազգային առեւտրի դեպարտամենտի եւ արտգործնախարարության հավատարմությունը երկկողմ առեւտրի եւ մեր երկու երկրների միջեւ ներդրումների ապահովմանը՝ մինչեւ Brexit-ը եւ դրանից հետո: Այնպես որ, սա շատ լավ նորություն է, եւ իմ կարծիքով՝ այսօրվա միջոցառումը շատ դրական էր: Տեղի ունեցան գործնական շատ հանդիպումներ, եւ իհարկե, որպես առեւտրի եւ ներդրումների հանձնակատար՝ ես այսօր շատ բիզնես առաջնորդների հետ հանդիպեցի՝ ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն կայացած: Կարծում եմ՝ այսօր մեծ թվով դրական արդյունքներ կլինեն, եւ ես շատ ուրախ եմ, որ առաջին փոխվարչապետը, չնայած խորհրդարանում իր լարված ժամանակացույցին, կարողացավ գալ եւ ելույթ ունենալ, ինչը բոլոր մասնակիցների կողմից ուրախությամբ ընդունվեց:

Իմ կարծիքով՝ համաժողովը Հայաստանի համար որպես հանգուցային կենտրոն հանդես գալու հնարավորություն է, որը բրիտանական ընկերություններին կօգնի տարածաշրջանի շուկաներում աշխատելիս: Սակայն այդ կենտրոնը կարող է կայուն լինել միայն հաղորդակցությունների եւ ենթակառուցվածքների բարելավման շնորհիվ: Ահա թե ինչու է կարեւոր, որ առաջիկա տարիներին «Հյուսիս-Հարավ» մայրուղին եւ մյուս ճանապարհները, ինչպես նաեւ երկաթուղին բարելավվեն՝ Սեւ ծովով եւ մյուս տարածաշրջաններով կապն ապահովելու նպատակով: Հանգուցային կենտրոնի, հաբի մասին երազանքը առանց ճանապարհների, երկաթուղային հաղորդակցության եւ այդ կապի, ուղղակի երազանք կմնա: Պետք է ենթակառուցվածքները բարելավել. այդ նպատակով համագործակցություն է անհրաժեշտ ոչ միայն բուն Հայաստանում կողմերի միջեւ, այլեւ միջպետական համագործակցություն հարեւանների հետ, ինչպիսին Վրաստանն է:

Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց  Հայաստանում բախվում են բրիտանական ընկերությունները: Այդ խնդիրների լուծման ի՞նչ եղանակներ եք տեսնում:

Կարծում եմ, որ Հայաստանում առկա է ներդրումային լավ կլիմա, սակայն, ինչպես բոլոր երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, միշտ էլ բարելավումների կարիք կա: Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ կատարել ժողովրդավարությունների մեջ, որոնք կայուն են, հրապարակային եւ թափանցիկ: Նրանք ցանկանում են գալ ցածր, բայց արդարացի հարկերով գործարար միջավայր՝ ինչպես բիզնեսի հարկերով, այնպես էլ անձնական եկամտահարկով: Նրանք նաեւ ցանկանում են գալ միջավայր, որտեղ փոխհատուցում է գործում, եւ եթե պայմանագրերի կամ վճարումների հետ կապված վեճեր կան, ապա հնարավոր է արդարության հասնել հրապարակային եւ թափանցիկ մեթոդներով: Անչափ կարեւոր է անկախ դատարանների եւ կոմերցիոն դատարանների առկայությունը: Կարծում եմ, որ նոր կառավարության ստանձնած՝ կոռուպցիայի դեմ պայքարի պարտավորությունը նույնպես մեծապես ողջունելի է: Մարդիկ պետք է իմանան, որ երբ այս երկրում ներդրումներ են անում, ներդրումներ են անում բիզնես կլիմայի մեջ, որտեղ կա բիզնես էթիկա, կլիմա, որը մարդկանց թույլ է տալիս իրենց ներդրումներից շահույթ ստանալ, ինչին նրանք արժանի են կամ արժանի են նրանց բաժնետերերը:

Անցյալ տարի Հայաստան կատարած այցից հետո Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքընը հայտարարեց, որ «Լավ կառավարման հիմնադրամը» 2017 եւ 2018 թվականներին Հայաստանին կտրամադրի 4 մլն ֆունտ, ինչը երկրին կօգնի դեպի ավելի լավ կառավարում ընթանալու ճանապարհին: Ձեր կարծիքով՝ այս աջակցությունն ի՞նչ կերպ կնպաստի գործարար բարենպաստ կլիմայի ստեղծմանը, որպեսզի բրիտանական ընկերությունները կարողանան դյուրին մտնել հայկական շուկա:

Պետնախարար, սըր Ալան Դանքընը վերջին տարում 2 անգամ Հայաստան է այցելել, եւ ես կարծում եմ, որ դա եւս մեկ անգամ ընդգծում է Բրիտանիայի կառավարության հավատարմությունը Հայաստանի հետ երկկողմ քաղաքական, դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունների բարելավմանը: Նա առաջին անգամ խորհրդարանում հանդես եկավ զեկույցով, որտեղ ներկայացրեց  «Լավ կառավարման հիմնադրամի» լրացուցիչ ֆինանսավորման մասին եւ, իհարկե, մասնակցեց նախագահի երդմնակալությանը: Կարծում եմ, որ «Լավ կառավարման հիմնադրամն» առաջին հերթին պետք է օգնի եւ լրացնի այն աշխատանքը, որը Հայաստանի կառավարությունը, ՀԿ-ները, բարեգործական կազմակերպությունները եւ ձեռնարկությունները պետք է իրենք կատարեն, եւ որը նրանք արդեն անում են: Ես կարծում եմ, որ գործողությունները պետք է նախաձեռնվեն բուն Հայաստանում, բայց նաեւ արտաքին աջակցության օգնությամբ, օրինակ՝ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով: Եթե թափանցիկություն եւ հրապարակայնություն լինի, առեւտրային դատարաններ լինեն, որոնք կապահովեն համաձայնագրերին հետեւելը, ապա դա կապահովի բիզնեսի վստահությունը ներդրումներ կատարել ինչպես կառավարության, այնպես էլ անկախ ֆինանսական ինստիտուտների միջոցով՝ ինչպիսին են Եվրոպական ներդրումային բանկը, Ասիական զարգացման բանկը եւ այլն:

Մինչեւ համաժողովը Դուք բրիտանական ընկերությունների համար հնարավորությունների կոնկրետ ոլորտներ էիք առանձնացրել: Դրանք էին՝ ֆինանսական սպասարկումների ոլորտը, վերականգնվող էներգետիկան եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ քաղաքների սմարթ արդիականացումը: Բրիտանական ընկերությունները արդյոք շահագրգռվա՞ծ են վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարել: Կա՞ն նախագծերի օրինակներ:

Մեր պատվիրակության կազմում էր «Bechtel» ընկերությունը, որը շատ մեծ ինժեներական ընկերություն է, զբաղվում է էներգետիկ նախագծերով, հիդրոէներգետիկայով: Կարծում եմ՝ նրանք կկարողանան կոնկրետ բիզնես համաձայնությունների հասնել: Յուրաքանչյուր առանձին ընկերություն ինքը պետք է որոշի՝ ներդրում կկատարի՞, թե՞ համատեղ ձեռնարկություններում կաշխատի՝ կա՛մ ռազմավարական գործընկերությամբ, կա՛մ այստեղ Հայաստանում դաշինքներով: Դա կախված կլինի նախագծից, ֆինանսավորումից եւ առանձին ընկերություններից: Սակայն ես, իհարկե, կարծում եմ, որ վերականգնվող էներգետիկան եւ ընդհանրապես էներգետիկան այն ոլորտներն են, որտեղ բրիտանական բզնեսի ներկայացվածությունը կաճի:

Ձեր նախորդ այցերից մեկի ժամանակ Դուք հանդիպել եք Երեւանի քաղաքապետի հետ եւ քննարկել քաղաքների արդիականացման հարցը: Ի՞նչ հարցեր եք քննարկել: Առաջարկե՞լ եք արդյոք քաղաքների արդիականացման որեւէ կոնկրետ նախագիծ, որը կարող է մոտ ապագայում իրականացվել: Այս հարցն արդյոք քննարկվե՞լ է վերջին համաժողովում:

Այո՛, քննարկվել է, եւ նոր կառավարությունը, որքանով հասկանում եմ, ցանկանում է մարզերին եւ համայնքներին ավելի մեծ իշխանություն փոխանցել: Մեր պատվիրակության կազմում էին նաեւ այնպիսի ընկերություններ, ինչպիսին են «Pilbrow and Partner»-ը, «QIA Architects»-ը եւ այլ, որոնք քաղաքաշինության եւ դիզայնի մասնագետներ են, ինչպես նաեւ էկոլոգիական եւ հաստատուն դիզայնի: Կարծում եմ, որ սա այն ոլորտն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Եթե զարգանում ու աճում է տուրիզմի ոլորտը, ինչպես դա ներկայումս տեղի է ունենում Հայաստանում, ցանկացած նոր շինարարություն՝ լինի ճանապարհներ, էներգետիկա կամ քաղաքային ծրագրավորում, պետք է իրականացվի երկարաժամկետ հեռանկարում եւ միջազգային ստանդարտների համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news