News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «ԱրմՕյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանի ռիսկերի վերաբերյալ «ԷկոԼուրը» հարցում է ուղարկել ՀՀ արատակարգ իրավիճակների նախարարություն:

Հարցման մեջ ասված է.

«Օրերս Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Նատի» թաղամասի բնակիչները «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ահազանգեցին իրենց տներից շուրջ 20 մետր հեռավորության վրա կառուցվող «ԱրմՕյլ» ընկերության նավթամթերքի վերամշակման գործարանի ռիսկերի մասին` նշելով կառուցվող օբյեկտի հրդեհավտանգ, պայթունավտանգ լինելը, մարդու կյանքի եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր թունավոր նյութերի արտանետումները, աղմուկը: Նրանք նշեցին, որ դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որից հետո նախարարության աշխատակիցներն այցելել են գործարան, սակայն արդյունքների մասին իրենց չեն հայտնել: Հաշվի առնելով, որ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության համաձայն, նախարարության նպատակներից եւ խնդիրներից են`

• արտակարգ իրավիճակներ առաջացնող երեւույթների ուսումնասիրությունը

• արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը եւ համակարգումը

• արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը

• պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հսկողության ապահովումը

• արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծման եւ գնահատման` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով ապահովումը

• արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության վիճակի փաստաթղթային դիտարկման, վերլուծման, դրա հիման վրա ամփոփ տեղեկատվության կազմման ապահովումը

խնդրում են տեղեկացնել.

1. Արդյոք «Արմօյլ» ընկերությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացրե՞լ է գործարանի նախագծերը ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության համար, եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել մեզ այդ եզրակացության կրկնօրինակը:

2. Արդյոք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Եղվարդի բնակիչների ահազանգի հիման վրա ուսումնասիրե՞լ է «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող այս վտանգավոր օբյեկտի ռիսկերը տեղի բնակչության կյանքի եւ առողջության համար: Եթե` այո, խնդրում ենք ներկայացնել ուսումնասիրության արդյուքները:

3. Արդյո՞ք գործարանը կառուցվում է արտակարգ իրավիճակները կանխարգելող նորմերի համաձայն եւ արդյո՞ք այն գտնվում է բնակելի տներից, այգիներից եւ ճանապարհից նորմատիվներին համապատասխան հեռավորության վրա:

4. Արդյո՞ք արտակարգ իրավիճակների նախարարությունն արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող այդ օբյեկտի կամ դրա նախագծի պետական փորձաքննություն կազմակերպել է, եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել արդյունքները:

5. Արդյո՞ք արտակարգ իրավիճակների նախարարությունն ուսումնասիրել է գործարանի կառուցման համար շահագրգիռ պետական մարմինների թույլատրությունները, եթե այո, խնդրում ենք ներկայացնել արդյունքները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների, Եղվարդում նավթավերամշակման գործարան կառուցելու համար փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են մտցվել: Մասնավորապես, ոչ ճիշտ տեղեկություններ են հայտնաբերվել կառուցման ենթակա շինության իրական ծավալների վերաբերյալ, որպիսի պայմաններում նավթավերամշակման գործարան կառուցելու թույլտվություն է տրամադրվել առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության։

Եղվարդում նավթավերամշակման գործարան կառուցելու համար փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են մտցվել. ՔԿ

Տպել
Ամենաշատ