News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպել ենք եւ մենք՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, եւ դուք, եւ ես չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովը մեզ տարբեր բաներ է ասել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին:

«Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ իրենց համար ընդունելի է լինելու այն տարբերակը, որը կընդունվի քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի արդյունքում: Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց ես կարծում եմ՝ Վենետիկը չի ասել, ասենք քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին:

Երկրորդ, դուք նշում եք, որ դուք մասնագիտական հանձնաժողով եք: Ովքեր են ձեր հանձնաժողովում ընտրական իրավունքի շատ ավելի բարձր մասնագետ, քան այստեղ հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մշակել եւ ներկայացրել ենք առաջարկներ: Մենք առաջարկում ենք համադրել մեր առաջարկները, որ սիզիփոսյան աշխատանք չարվի»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան Դանիել Իոաննիսյանն ասաց. «Եթե քաղաքական ուժերն այստեղ այլ բան որոշեն, դա չի նշանակում, որ մենք, որպես մասնագիտական հանձնաժողով մեր դիրքորոշումը կփոխենք: Մենք ընդունում ենք բոլոր առաջարկները, լսում ենք փաստերը եւ դրանք հիման վրա ձեւավորում մեր դիրքորոշումը: Եթե խորհրդարանը որեւէ հարցի շուրջ գալիս է կոնսենսուսի, դա խորհրդարանի իրավունքն է»: Մեզ համար կարեւոր է բովանդակությունը, կարեւոր չէ, թե ով է առաջարկ անողը, քանի որ մենք քաղաքական գործիչներ չենք, մասնագիտական հանձնաժողով ենք»:

«Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց, որ ԱԺ աշխատանքային խմբի ամեն 3-րդ նիստին ներկա լինի կառավարությունում ստեղծված հանձնաժողովի ներկայացուցիչը եւ համադրեն աշխատանքը: Մասնավորապես, եթե լինեն առաջարկներ, որոնք նաեւ ֆինանսական միջոցներ են պահանջելու, կառավարության ներկայացուցիչը կկարողանա ասել, դրա հնարավորությունը կա, թե չկա, որպեսզի ավելորդ չննարկում չլինի, հետո պարզվի միջոցներ չկան, անօգուտ քննարկել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ