News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանին այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 11-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն քաղաքապետի ընտրության հարցն է: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ, այդ թվում «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները եւ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա եւ 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:

Հատկանշական է, որ ավելի վաղ ավագանիում ներկայացված 3 ուժերից երկուսը՝ ՀՀԿ-ն եւ «Ելք»-ը, արդեն հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ չեն մասնակցելու այդ նիստին, ինչը նշանակում է, որ ավագանու նիստը չի կայանալու:

Թեկնածու է առաջադրել միայն «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որն ունի ընդամենը 3 հոգանոց խմբակցություն: Առաջադրվել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս պահին Փոստանջյանն իր աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց:

Ըստ էության, ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները ցանկանում են, որ տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանիում մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news