News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերադարձրել է հանգստի ուղեգիրը եւ պատրաստվում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, որ ԲՀԿ–ի երեւանյան տարածքային գրասենյակները երեքշաբթի օրվանից անցնելու են ակտիվ աշխատանքի։ Պատգամավորը համոզված է, որ հուլիսի 16–ին Երեւանի ավագանին քաղաքապետ չի ընտրի եւ կնախապատրաստվի սեպտեմբերին ավագանու ընտրություններին։

Նախնական տեղեկություններով՝ ԲՀԿ–ի  ընտրական  ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, ինչը դեռեւս չի հաստատում պատգամավորը։      

«Հանձնարարականները տրված են  տարածքային կառույցներին, եւ երեքշաբթի օրվանից  մենք ամենօրյա ռեժիմով ակտիվ աշխատելու ենք։ Մենք ունենք մի քանի հազար  լիցենզավորված անձինք, հանձնաժողովների անդամների խնդիր չունենք եւ այնպես որ մենք տեխնիկապես պատրաստ ենք սկսելու նախընտրական գործընթացը՝ անկախ նրանից ընտրությունների ժամկետը բավականին մոտ է, եղանակային պայմաններն էլ՝ անհարմար»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Ըստ նրա՝ չնայած  ՀՀԿ–ն իր ձեռագրին հարիր փորձեց խոչընդոտներ ստեղծել քաղաքական ուժերի համար՝ հուլիսի 16–ին նշանակելով քաղաքապետի ընտրությունը, երբ կար ավելի ուշ ժամկետ, բայց դա ոչինչ չի նշանակում։

«Բնակչության պասիվության առումով  քարոզարշավի դիսկոմֆորտ կարող է լինել, քանի որ ՀՀԿ–ն հերթական անգամ փորձեց հարամել գործընթացը եւ  հուլիսի 16–ին նշանակեց օրը, երբ որ կար  ավելի ուշ ժամկետ, բայց հիմա իրավիճակը սա է եւ այն կարգավորվում է բացառապես օրենքով։ Ես կարծում եմ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կունենանք արտահերթ ընտրություններ։ Ես ընտանիքիս հետ պետք է մեկնեի հանգստի, սակայն իմ ուղեգիրը հետ եմ տվել եւ պետք է ակտիվ աշխատենք»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ Երեւանի ավագանիում քաղաքապետի ընտրությունը նախատեսված է հուլիսի 16-ին: Եթե չհաջողվի ավագանու նիստում քաղաքապետ ընտրել, ապա ավագանին կցրվի եւ տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրությունները: Ըստ օրենսդրության, ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ