Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգության մեջ կասկածվողն արմատական հայացքներ է ունեցել և, ենթադրաբար, տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարչին Կերվինսկին, փոխանցել է RMF 24-ը։
Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել է, այդ թվում՝ կրակողը։
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նա տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով, թեև դա դեռ պետք է ստուգել», — ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հարձակվողը գործել է միայնակ։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել հանցագործության դրդապատճառները և ստուգում են՝ արդյոք կասկածյալը կարող էր գործել որևէ մեկի ազդեցության տակ կամ այլ անձանց աջակցությամբ։
Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրյա մեկ քաղաքացի, տուժածների թվում՝ հինգ օտարերկրացի կա։ Վիրավորներին տեղափոխել են Կրակովի վեց հիվանդանոց, երկուսին արդեն դուրս են գրել։
Տասներեք մարդ ստացել է կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածքներ։
Տուժածների թվում երկու ոստիկան կա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նա ստացել է երեք հրազենային վիրավորում։ 12 տուժածի վիճակը ծանր է։
Հարձակվողը նույնպես վիրավորվել է ոստիկանների կրակոցներից, գտնվում է հիվանդանոցում և կրկնակի վիրահատության է ենթարկվել։
Կերվինսկին հայտնել է, որ ոստիկանության օպերատիվ գործողություններն օգնել են կանխել զոհերի թվի հետագա աճը։ Նրա խոսքով՝ ոստիկանները հարձակվողի ուղղությամբ առաջին կրակոցներն արձակել են հրաձգության մասին հաղորդումը ստանալուց երեք րոպե անց։ Կասկածյալի ավտոմեքենայում մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել․ նախնական տվյալներով՝ նա կրակել է ավտոմատ զենքից։
Կասկածյալը 24 տարեկան է, ծնունդով Օստրովեց Սվենտոկշիսկի քաղաքից։ Քննչական գործողությունները շարունակվում են։



























