ԱՄՆ դաշնային դատավոր Անա Ռեյեսը մտադիր է նախկին դաշնային դատախազ Ջեսի Լյուին նշանակել հատուկ փորձագետ՝ հետաքննելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների և նրանց իրավաբանների կողմից դատարանին հնարավոր մոլորեցնելու հանգամանքները։ Գործը վերաբերում է Վաշինգտոնի պատմական East Potomac հանրային գոլֆի դաշտի վերակառուցման ծրագրերին, հայտնել է Associated Press-ը։

Ռեյեսը ցանկանում է պարզել՝ արդյո՞ք ներքին գործերի նախարարության և Ազգային պարկերի ծառայության պաշտոնյաները, ինչպես նաև արդարադատության նախարարության իրավաբաններն անկեղծ են եղել նախատեսվող աշխատանքների ծավալների և դրանց իրականացմանն ուղղված գործողությունների մասին իրենց հայտարարություններում։ Մասնավորապես, դատավորը կուսումնասիրի հոկտեմբերի սկզբին հարյուրավոր ծառերի հատման հանգամանքները։

Թրամփի վարչակազմը նախատեսում է նոյեմբերի 15-ին փակել գոլֆի դաշտն ու հարակից պարկը՝ կառուցելու համար, իր ձևակերպմամբ, «համաշխարհային կարգի, չեմպիոնական մակարդակի գոլֆի դաշտ», որը կկարողանա խոշոր մրցաշարեր ընդունել։

Անցյալ ամիս Ռեյեսը ժամանակավորապես արգելել էր իշխանություններին տարածքում այլ ծառեր հատել կամ վնասել։ Քանի դեռ դատական քննությունը շարունակվում է, կառավարությունը նաև պարտավոր է գոլֆի դաշտի կառույցների կամ տարրերի ցանկացած անդառնալի փոփոխության մասին 10 օր առաջ գրավոր ծանուցել դատարանին։

Ստուգումը խստացնելու առիթ են դարձել նաև հոկտեմբերի 18-ից սկսած Truth Social սոցիալական ցանցում Թրամփի հրապարակումները, որոնցում նա պատմել է վերակառուցման ծրագրերի մասին։ Հետագա դատական լսումների ընթացքում վարչակազմի ներկայացուցիչները, պատասխանելով դատավորի հարցերին, չեն կարողացել հաստատել այդ ծրագրերի գոյությունը։ Հոկտեմբերի 28-ին արդարադատության նախարարությունը դատարանին պաշտոնապես հայտնել է, որ ծրագրերն իրական են։

Ռեյեսը, որը նախկինում բազմիցս մերժել էր միջամտելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունները, այժմ ցանկանում է պարզել, թե ով է կարգադրել հատել ծառերը՝ չնայած գերատեսչության իրավաբանների հավաստիացումներին։ Ջորջթաունի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Դևիդ Սուպերի խոսքով՝ դատավարության մասնակիցների վարքագծի հետաքննությունը կարող է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքների նախանշան լինել։

Ռեյեսն առաջարկել է երկու կողմերին Լյուի թեկնածության վերաբերյալ գրավոր դիրքորոշումներ ներկայացնել մինչև ուրբաթ, երբ նախատեսված է հաջորդ դատական լսումը։