News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մասնագիտական դաշտում պատրաստ եմ յուրաքանչյուր գործ քննարկման առարկա դարձնել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Բուդաղյանների՝ հնչեղություն ստացած գործով նոր բացահատումներ լինեն:

«Եկեք գործերի ոչ մի կատերգորիա չառանձնացնենք, բոլոր այն գործերը, որոնք հանրության մոտ կասկած են առաջացնում, այսինքն՝ կան չփարատված կասկածներ, ես բազմիցս հայտարարել եմ, որ, խնդրեմ, յուրաքանչյուր հասարակական կազմակերպության, յուրաքանչյուր իրավաբանի հետ մենք դա քննարկման առարկա դարձնենք: Ինչո՞ւ, որովհետեւ չեմ ուզում այն անձանց հետ քննարկման առարկա դարձնենք այդ գործերը եւ ցանկացած գործ, որոնք կարող են հուզական դաշտում քննարկվել: Զուտ մասնագիտական դաշտում յուրաքանչյուր քրեական գործ եկեք քննարկման առարկա դարձնենք, եւ եթե որեւէ մեկը կտեսնի այնտեղ ապօրինություն, թե՛ ես, թե՛ մեր քննիչները պատրաստ ենք պատասխան տալ»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ին այդ ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել էր, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը՝ ծանր վիրավորվել: Սպանության գործով ձերբակալվել էին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, սակայն 2013-ի սեպտեմբերին նրանց նկատմամբ քրեական գործը կարճվել էր. քննչական մարմինը նրանց գործողություններն ինքնապաշտպանություն էր որակել:

2013-ի հուլիսի 9-ին Արտակ Բուդաղյանին եւ նրա հարազատներին Սուրիկ Խաչատրյանին սպանությամբ սպառնալու մեղադրանք էր առաջադրվել, Ավետիք Բուդաղյանի դեմ գործը կարճվել էր նրա մահվան փաստով:

2017 թվականի ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ավետիք Բուդաղյանի սպանության գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դեմ քննությունը վերսկսելու մերժման մասին որոշումը: Սակայն դատարանը համաձայնվել էր վերսկսել Ավետիք Բուդաղյանի մահվան հետ կապված քննությունը:

Նշենք, որ Բուդաղյանների գործով փաստաբանը դիմել է ՄԻԵԴ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ