News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանն այսօր Հատուկ քննչական ծառայություն էր գնացել՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Հայաստանի երկրորդ նախագահին հարցաքննել են մի քանի ժամ: Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասել է՝ հարցաքննությունը տեսաձայնագրվելու եւ կցվելու է քրեական գործին:

Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Միաժամանակ, Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Մարտի 1-ի գործով այսօր հարցաքննվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը. 2008 թվականի մարտի 1-ին նա Երեւանի կայազորի պետն էր։ Հավելենք, որ գործով ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նա հետախուզվում է:

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետը տեղեկացրել է, որ 1 ժամ 15 րոպե ժամանակ ունի: Հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգ է մեկնելու՝ մասնակցելու վարչապետերի ձեւաչափով ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Պաշտպանության նախարարն առաջարկել է այս տարվա ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 11-ը: Դա, սակայն, չի ազդի զորացրման ժամկետների վրա: Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցին: Վստահեցրել է՝ ուսումնասիրություններ են արվում, միաժամանակ փաստել, որ զորակոչի ոլորտում չարաշահումներ դեռ կան: Վարչապետը կրկին հայտարարել է. կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու:

Մարզպետարաններին շուրջ 279 մլն դրամ կտրամադրվի՝ համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Այստեղ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է. պետության միջոցները, այո, սահմանափակ են, բայց եղածն էլ ճիշտ չի օգտագործվում:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել Դավիթ Անանյանը: Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօր փոքր-ինչ լարված էր ու նյարդային: Տեսախցիկների ուղղությամբ նայելու խնդրանքը զայրացրել է նրան: Լրագրողները տարակուսել են. գուցե վերեւո՞ւմ են բարկացրել: Դավիթ Անանյանն արդեն ժպիտով խոստացել է այսուհետ կառավարել իր հույզերը:

Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների գործով, որի անունը կապվում է օֆշորների հետ, քննչական գործողությունները վերսկսվել են: ՊԵԿ ղեկավարը հաստատել է լուրը, սակայն այլ տեղեկություն հրաժարվել է հայտնել: Հարցին՝ բավարարում է իրեն, որ մարդիկ պատճառված վնասը վերադարձնում են եւ պատասխանատվության չեն ենթարկվում, Դավիթ Անանյանը պատասխանել է. իրեն՝ որպես տնտեսագետի բավարարում է, ու պարզաբանել:

Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտից եւ տուգանքներից գործարարների բողոքներին. ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ փոքր եւ միջին բիզնեսի մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Իսկ դժգոհությունների հետեւանքով հնարավոր ակցիաներից ու բունտերից Դավիթ Անանյանը չի վախենում:

Սանկտ Պետերբուրգ մեկնած Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է հանդիպել հայ գործարարների հետ: Վարչապետը նրանց հրավիրել է Հայաստան՝ ներդրումներ անելու: Վստահեցրել է, որ բիզնեսի համար նախկինում առկա խոչընդոտներն այլեւս չկան:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել տարբեր տարիների եւ տարբեր միջոցներով Հայաստանին օգնելու համար: Բայց հիմա, նրա խոսքով, պետք է փոխել համագործակցության տրամաբանությունը. պետք է պայմաններ ստեղծել, որ գործարարները գան Հայաստան, ներդրումներ անեն եւ փող աշխատեն: Անդրադառնալով լուրերին, թե բիզնեսը դադար է վերցրել եւ սպասում է ընտրություններին՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենալու երկրում, Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում հակահեղափոխություն տեղի չի ունենալու:

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում միջադեպ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար քաղաքացուց 100 դոլար մաքսավճար են պահանջել, արդյունքում տղամարդը հենց տեղում կոտրել է լվացքի մեքենան: Միջադեպը տեսագրվել է ու տարածվել սոցցանցերում:

Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել՝ հրապարակելով քաղաքացու անունը. նա Երեւանի բնակիչ Սեյրան Դեմիրճյանն է: ՊԵԿ-ի պնդմամբ՝ նա սահմանահատումների եւ ներմուծումների պատկառելի փորձ ունի: Կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն ասում է՝ որեւէ 100 դոլարի մասին խոսք չի եղել, իսկ մաքսային ծառայողներն օրենքով են գործել:

Քաղաքացիների շրջանում դժգոհություն կա նաեւ՝ կապված ձմերուկի ներկրման օրենսդրական կարգավորման շուրջ: Դավիթ Անանյանը չի հերքում՝ ԵՏՄ իրավակարգավորումներով 5 կգ-ի սահմանափակում կա, եւ մաքսավորները չեն կարող շրջանցել դա՝ անկախ նրանից, քաղաքացիներին դա դո՞ւր է գալիս, թե՞ ոչ:

Հուլիսի 26-ին դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 7 դրամ 64 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Հուլիսի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 7: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ