News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները նրա կալանքի որոշումը բողոքարկելու դիմումը Վերաքննիչ դատարան են ներկայացրել։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշել է, որ դիմումին կցել են նաեւ Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու պահանջով պատգամավորների ստորագրությունները:

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը նախաձեռնել է Հանրապետական կուսակցությունը: Նախաձեռնությանն արդեն 42 պատգամավոր է միացել, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու փոխնախագահները: Արամ Օրբելյանի տեղեկություններով՝ ստորագրահավաքին միացել են ոչ միայն Հանրապետական, այլեւ պատգամավորներ այլ խմբակցություններից եւս: Անուններ, սակայն, փաստաբանը չի նշում: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին նա երկու ամսով կալանավորվել է:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, պարզվում է, անհանգստացնում են Ռուսաստանին: Այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է՝ վերջին օրերին իրենց մտահոգությունը բազմիցս հայտնել են նաեւ Հայաստանի ղեկավարությանը: Իսկ մտահոգության առիթը վերջին օրերին նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքներն են, եւ Մոսկվայում կարծում են, որ սա հակասում է երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին:

Իսկ պաշտոնական Երեւանն արձագանքել է Լավրովի հայտարարությանը՝ շեշտելով, որ հայաստանյան իրադարձությունները երկրի ներքին գործն են: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ «տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան»։

Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է նախաձեռնել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը տեղեկացրել է, որ պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին բոլորին Հանրապետության հրապարակ է հրավիրում: Փաշինյանը նաեւ ցանկանում է քաղաքացիների հետ հանդիպման այս ձեւաչափով խոսել Հայաստանում վերջին 100 օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաեւ երկրի ապագայի մասին:

Երեւանում աղբահանության խնդիրը մայրաքաղաքի բնակիչներին «Սանիթեք»-ի դեմ բողոքի ակցիայի է դուրս բերել: Այն ավագանու «Ելք» խմբակցությունն էր նախաձեռնել: Խմբակցությունից Թեհմինա Վարդանյանն ավելի վաղ հանդիպել է «Սանիթեք»-ի ղեկավարության հետ. ընկերությունում խոստացել են 1-2 օրվա ընթացքում լուծել խնդիրը, բայց ոչինչ չի փոխվել:

Ընկերության սեփականատեր Նիկոլաս Թավիլը պնդում է, որ «Սանիթեքը» չի խուսափում ստանձնած պարտավորություններից։ Խոստովանել է, որ աղբահանության ոլորտում խնդիրներ կան, իրենք էլ որոշ սխալներ են թույլ տվել, բայց դրանք, Թավիլի պնդմամբ, տարբեր պատճառներ ունեն: Ընկերության ղեկավարը նաեւ բոլորին քննարկման է հրավիրել. պատրաստ է ներկայացնել «Սանիթեք»-ի գործունեությունն ու առաջարկներ լսել: Ակցիայի մասնակիցները, սակայն, հրաժարվել են: Ի վերջո, «Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք»-ին 7 օր ժամանակ են տվել՝ երեւանցիների համար ստեղծած «այս քաոսը վերացնելու համար»։

Մինչ այդ, մասնագետներն էլ զգուշացնում են օրգանական աղբի վտանգների մասին. ստեղծված իրավիճակը, ըստ նրանց, կարող է աղիքային ինֆեկցիաների տարածման պատճառ դառնալ:

Շների հետ դաժան վերաբերմունքի մասին համացանցում տարածված տեսանյութը լայն արձագանք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Մարտունիում: Մի երիտասարդ կենդանիներին կապել է առանց համարանիշերի մեքենային եւ քարշ տվել նրանց: Ահազանգի հետքերով «Դինգո թիմի» անդամները Մարտունի են գնացել: Նրանք օգնություն են ցուցաբերել շներին, իսկ ավելի ուշ հաղորդում ներկայացրել ոստիկանություն:  Ոստիկանությունն արդեն գտել է տեսանյութի «հերոսին». նա Այգուտ գյուղի 26-ամյա բնակիչ Դավիթ Լազարյանն է: Ոստիկանությունում դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Աֆրիկայում ռուսաստանցի լրագրողներ են սպանվել: Նրանց դիերը գտել են Կենտրոնաաֆրիկյան հանրապետության (ԿԱՀ) Սիբյու քաղաքից ոչ հեռու: Նախնական տվյալներով՝ նրանք լրագրողներ Կիրիլ Ռադչենկոն, Ալեքսանդր Ռաստորգուեւը եւ Օրհան Ջեմալն են, նկարահանող խմբի անդամներ: Տեղեկությունները, սակայն, հակասական են: Ըստ մամուլի հրապարակումների՝ սպանվածներից երկուսի մոտ ռուսական «Իզվեստիա» թերթի լրագրողական քարտեր են գտել, սակայն խմբագրությունում հայտնել են, որ իրենք ԿԱՀ-ում աշխատող լրագրողներ չունեն: Աֆրիկյան այդ պետությունում Ռուսաստանի դեսպանաատան աշխատակիցները փորձում են ճշտել զոհվածների ինքնությունը:

Օգոստոսի 1-ին դոլարը կայուն է եղել, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 68 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:

Օգոստոսի 2-ին հանրապետության հյուսիսային շրջաններում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն 7-8 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ