Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում պաշտպանել է իր մասնակցությունն Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի Արցախ կազմակերպված դիվանագիտական վերջին այցին՝ արձագանքելով այն քննադատությանը, որ մասնակցությունը նման այցի լեգիտիմացնում է Արցախում 2023թ․ իրականացված էթնիկ զտումը և ավելի քան 100 հազար հայի բռնի տեղահանումը՝ աչք փակելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության շարունակվող ոչնչացման վրա։

Տիկին Գրոնո, դուք արտասահմանցի այն դիվանագետների թվում էիք, ովքեր մասնակցեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կազմակերպած այցին Լեռնային Ղարաբաղ։ Այդ այցը լուրջ հարցեր առաջացրեց անկեղծ և կայուն խաղաղությանը Բաքվի հանձնառության վերաբերյալ, հատկապես այն ֆոնին, երբ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը միջնադարյան հայկական եկեղեցիները ներկայացնում էր իբրև աղվանական։ Նման պնդումները հազիվ թե նպաստեն փոխադարձ վստահության ամրապնդմանը կամ կայուն խաղաղության հաստատմանը։ Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այդ այցին:

Իրոք, 2026 թվականի սեպտեմբերի 11-12-ը ես մասնակցեցի այցին Ադրբեջան, Ղարաբաղ և հարակից շրջաններ։ Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար վերջին մի քանի տարիների ընթացքում կազմակերպած նմանատիպ 22-րդ այցն էր, որի նպատակն էր ծանոթանալ ականազերծման, վերականգնողական և վերաբնակեցման աշխատանքներին։ Ինչպես և նախորդ դեպքերում, այցը լայնորեն լուսաբանել են ադրբեջանական լրատվամիջոցներն և մեզ հետ գտնվող լրագրողները, որոնք գրեթե ուղիղ եթերի ռեժիմում հրապարակում էին լուրեր, լուսանկարներ և տեսանյութեր։ Այդ երկօրյա այցը ներառում էր նաև այցելություններ մշակութային ժառանգության մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ մզկիթներ և եկեղեցիներ, ինչպես նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ և միջոցառումներ, ներառյալ՝ նախկին ներքին տեղահանված անձանց հետ:

Ինձ և իմ գործընկերների համար այդ այցը կարևոր հնարավորություն դարձավ անձամբ տեսնելու տեղում կատարվողը: Պաշտոնատար անձանց, ինչպես նաև տեղի լրագրողների հետ այցի շրջանակում ունեցած բազմաթիվ զրույցների ընթացքում ես վերահաստատեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղ գործընթացին աջակցելու ԵՄ հաստատակամ քաղաքական հանձնառությունը՝ դրա բոլոր ասպեկտներում և անաչառ հիմունքներով: Այս անգամ ես ընդգծեցի նաև հասարակությունների միջև հաշտեցման ուղղությամբ հետագա աշխատանքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության հարցերի շուրջ:

Ես գիտեմ, թե որքան զգայուն են այս հարցերը, և, անշուշտ, ծանոթ եմ վերջին մի քանի օրերին Հայաստանում հնչող բացասական մեկնաբանություններին ու քննադատություններին՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այս այցին մասնակցության առնչությամբ: Ցանկանում եմ առավել քան հստակ հայտարարել. ես ոչ մի դեպքում չեմ հերքում և չեմ վիճարկում անցյալում այս տարածաշրջանում հայերի առկայության և հարուստ հայկական մշակութային ժառանգության փաստը: Բացի դրանից, պետությունները պարտավոր են պահպանել և պաշտպանել մշակութային ու կրոնական ժառանգության բոլոր օբյեկտները: Հարավային Կովկասում այդ ժառանգությունը պետք է խնամքով պահպանվի և փոխանցվի ապագա սերունդներին՝ առանց որևէ քաղաքականացման և մանիպուլյացիաների։

Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի քան 25 տարվա աշխատանքի, ինչպես նաև վերջին մի քանի օրերի ընթացքում ես կրկին ականատես եղա հարուստ և պատմական հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ հիանալի օրինակների։ Ինձ համար այդ այցը հնարավորություն դարձավ սեփական աչքերով տեսնելու տեղում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Քելբաջարի (Քարվաճառում այցելել է Դադիվանք – խմբ․) և Աղդերեի (Ասկերանում այցելել է Գանձասար – խմբ․) շրջաններում: Այցը միաժամանակ ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակութային ժառանգության կոնկրետ հարցի շուրջ, ըստ ամենայնի, պատմական փաստերի վերաբերյալ համաձայնություն չկա:

Այցը տեղի ունեցավ ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական եկեղեցիների, գերեզմանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների ոչնչացման մասին բազմաթիվ վկայությունների ու հաղորդումների ֆոնին։ Արդյո՞ք օտարերկրյա դիվանագետների մասնակցությունը նման այցերին Բաքվին հնարավորություն չի տալիս առանց որևէ սահմանափակման շարունակելու հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում:

Վերջին մի քանի տարիվա ընթացքում հակամարտությունից տուժած տարածքներում օբյեկտների ոչնչացման, ինչպես նաև հակամարտության ավելի վաղ փուլերում՝ սկսած 1990-ականների սկզբից, ավերածությունների մասին բազմաթիվ հաղորդումներ են հայտնվել, որոնք վերագրվում են երկու կողմին էլ: Նման հաղորդումները պետք է անկախ կերպով ստուգվեն մշակութային ժառանգության հարցերով զբաղվող փորձագետների կողմից: Մշակութային ժառանգության ոլորտում միջազգային փաստահավաք առաքելություններ կազմակերպելու բազմակի անհաջող փորձերը՝ պայմանավորված կողմերի միջև տարաձայնություններով՝ այդ թվում՝ 2020 թվականի պատերազմից առաջ և հետո, վկայում են անկախ ստուգման հետ կապված բարդությունների մասին։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած այցը միաժամանակ մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ըմբռնելու ներկա վիճակը՝ թե՛ պատմական մզկիթների վերականգնման, և թե՛ եկեղեցիների ու վանքերի վիճակի տեսանկյունից։ Այն նաև հնարավորություն տվեց տեղում մտքերի փոխանակություն իրականացնել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, այդ թվում՝ հասարակություններին խորապես բաժանող որոշ նարատիվների շուրջ։ Որպես դիվանագետներ մեր աշխատանքն այն է, որ հնարավորության սահմաններում շփվենք տարբեր զրուցակիցների հետ, լսենք միմյանց և համապատասխան երկխոսություն վարենք։

Կարելի՞ է արդյոք նման այցերն ընկալել որպես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած և ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանմանը հանգեցրած էթնիկ զտման արդարացում կամ լեգիտիմացում: Ինչպե՞ս եք դա գնահատում որպես ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ մանավանդ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ԵՄ-ի նախկին միջնորդական դերը և ԵՄ հռչակված հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։

Ոչ մի դեպքում չի կարելի ԵՄ-ն ընկալել որպես անցյալում ուժի և բռնության կիրառումն արդարացնող կամ լեգիտիմացնող։ ԵՄ-ն միշտ հանդես է եկել անցյալի իրադարձությունների նկատմամբ լիովին հստակ և հետևողական դիրքորոշմամբ, ինչն արտացոլվել է նաև 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։

Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը և Ադրբեջանը պատմական ընտրություն են կատարել հօգուտ երկկողմ խաղաղ գործընթացի, որը նոր դարաշրջան է բացել Հարավային Կովկասի համար և արդեն իսկ բազմաթիվ առավելություններ բերել կողմերին: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին՝ ներառյալ այն դրական զարգացումների շարքին, որոնք մենք տեսնում ենք 2025 թվականի օգոստոսին վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո՝ կայունություն սահմանի երկայնքով, սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների շարունակություն, երկկողմ առևտրի մեկնարկ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության իրականացում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում:

Ընդ որում, պահպանվում են զգալի մարտահրավերներ, և առաջին հերթին դա վերաբերում է անցյալի տրավմաներն ու տառապանքները հաղթահարելու, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրը և այլ հարցերը լուծելու անհրաժեշտությանը: Որպեսզի խաղաղությունը դառնա իսկապես անշրջելի, կողմերը պետք է զբաղվեն նախկին հակամարտության ժառանգությամբ։ Մենք մեծ հույս ունենք, որ Երևանը և Բաքուն հաշտեցմանն ուղղված ավելի լայն ջանքերի շրջանակում հարմար պահին կանդրադառնան այդ մարտահրավերներին։ Իր հերթին ԵՄ-ն առավելագույնս կշարունակի աջակցել երկկողմ խաղաղ գործընթացին։

Հայկ Սահակյան