News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 20
Տեսնել լրահոսը


Տապալված մամուլի ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանն առաջին հարցազրույցն է տվել: «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահը հայտարարել է, որ քաղաքականություն է վերադարձել: Ռոբերտ Քոչարյանը նաեւ խոսել է Մարտի 1-ի քրեական գործի, այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին Մարտի 1-ի ողբերգությանը, անդրադարձել է նաեւ նոր կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով, մասնավորապես, վարչապետի որոշ հայտարարությունների առնչությամբ:

Նա խոսել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի իրադրության եւ հավանական վտանգների մասին:  Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին. Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչպես է տապալել երկրում սահմանադրական կարգը: Նա նաեւ չի բացառել, որ իրեն նորից կկալանավորեն:

Ի դեպ՝ նման հնարավորության մասին. նախկին նախագահի պաշպաններից Հայկ Ալումյանն արդեն հայտարարել է, որ Քոչարյանին կրկին կալանավորելու դեպքում իրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմեն: Եվ մինչ գլխավոր դատախազությունը սպասում է Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ Վճռաբեկ դատարան դիմելու համար, Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները նույնպես վճռաբեկ բողոք են պատրաստում: Հայկ Ալումյանն ասել է՝ անձեռնմխելիությունից բացի՝ պաշտպանական կողմը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու եւս երկու հիմք է ներկայացրել, ինչին Վերաքննիչը չի անդրադարձել: Այդ հիմքերն էլ բողոքարկելու են արդեն Վճռաբեկ դատարանում:

Կառավարության հերթական նիստը Նիկոլ Փաշինյանը սկսել է՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: Ասել է՝ այս ընթացքում նոր կառավարությունը լուծել է հիմնական խնդիրը. ապահովել է հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը եւ տնտեսության բնականոն, շարունակական զարգացումը:

Գործադիրի նիստում նաեւ կրճատվել է Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը: Որոշման հրապարակումից հետո արդեն ԿԸՀ-ն նիստ կանցկացնի եւ 30-40 օրվա ընթացքում կհրապարակի ավագանու արտահերթ ընտրությունների օրը: Վարչապետը նաեւ ընդգծել է. այս ընտրություններում ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցվի, իսկ ընտրակաշառքի փորձ անող որեւէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ աննախադեպ լավ ընտրություններ է խոստացել: Լրագրողների հետ զրույցում նա ասել է` ոստիկանությունը կշարունակի բոլոր ջանքերը՝ մաքսիմալ թափանցիկ ընտրություններ ապահովելու եւ կեղծիքները բացառելու համար:

Իսկ ԱԱԾ տնօրենը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է իր ղեկավարած կառույցի 100 օրը: Իսկ ամենախոշոր բացահայտումները, Վանեցյանի հավաստմամբ, դեռ առջեւում են:

ՀՔԾ պետն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի ազատ արձակմանը. Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի եւ Ռոբերտ Քոչարյանը նորից անազատության մեջ կհայտնվի: ՀՔԾ պետը, միաժամանակ, չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կլքի երկիրը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին. Սասուն Խաչատրյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործով նա նույնպես հարցաքննվելու է:

Պետեկամուտների կոմիտեն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստուգումներ է իրականացրել: Հաղորդվում է նաեւ 9.7 մլն դրամի չափով ԱԱՀ չվճարելու պատճառով քրեական գործ հարուցելու մասին:

Ստուգումները կատարվել են օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, իսկ լուրը լրատվամիջոցներում տարածվեց միայն երեկ երեկոյան. ՊԵԿ աշխատակիցներն ընկերություն են մտել դիմակավորված անձանց ուղեկցությամբ, խուզարկություն են կատարել, փաստաթղթեր առգրավել, ստուգել են նույնիսկ աշխատակիցների անձնական իրերը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հաստատել են տեղեկությունը եւ տարակուսանք հայտնել. իրենք միշտ բաց եւ թափանցիկ են աշխատել, համագործակցել են հարկային մարմինների հետ:

ՊԵԿ նախագահը լրագրողներին ասել է՝ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում իրականացվող գործողությունները որոշակի գաղտնիության շրջանակում են: Նա խոսել է նաեւ «դիմակավորված անձանց» մասին: Դավիթ Անանյանը նաեւ պարզաբանել է, թե ինչու է խուզարկությունն իրականացվել գիշերը:

Հավելենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստվում է կատարվածի կապակցությամբ գրավոր բողոք ներկայացնել Հայաստանի իշխանություններին:

Ոստիկանությունն ակտիվորեն նախապատրաստվում է վաղը Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Օգոստոսի 17-ին ժամը 15:00-ից կարգելվի Հանրապետության հրապարակ մուտքը Ամիրյան, Աբովյան, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան փողոցներից եւ Տիգրան Մեծ պողոտայից: Փակ կլինի նաեւ Իտալիայի փողոցը՝ Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկից: Առավոտյան 7:00-ից մինչեւ երեկոյան 22:00-ն էլ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում եւ Ամիրյան, Նալբանդյան, Աբովյան, Վազգեն Սարգսյան, Զաքյան փողոցներում եւ Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք-Ադամյան խաչմերուկից սկսած: 

Սահմանափակումներ կլինեն նաեւ լրատվամիջոցների համար. անվտանգության նկատառումներով ոստիկանությունը լրատվամիջոցներին արգելել է դրոնների միջոցով օդից տեսանկարահանել հանրահավաքը:

Երեկ ուշ երեկոյան ռումբի մասին եւս մեկ ահազանգ է ստացվել: Մի քաղաքացի «911» ծառայություն է զանգել եւ սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երեւանի «Սիլաչի» հյուրանոցում: Փրկարարներն արագորեն տարհանել են հյուրանոցում գտնվող մարդկանց՝ 120 հոգու: Որոնողական աշխատանքների արդյունքում, սակայն, վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Օգոստոսի 15-ին ռումբի մասին եւս մեկ կեղծ ահազանգ էր ստացվել. քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել առողջապահության նախարարության շենքը: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է, իսկ դրա հեղինակն առողջական խնդիրներ ունեցող քաղաքացի է:

Օգոստոսի 16-ին դոլարն ու եվրոն նորից սկսել են արժեւորվել: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 549, ռուբլունը՝ 7 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 613 դրամ:

Օգոստոսի 17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ