News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Չափազանց կարեւոր եմ համարում, որ մեր դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք, արդյո՞ք մենք չպետք է որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անցումային արդարադատության մարմինների անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց. «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից եւ ֆորմալ առումով 2017 թվականի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելը կարող է բարդություններ առաջացնել»։

Փաշինյանը որպես օրինակ մի դեպք պատմեց, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր միայն մեկ բանկային հաշվեհամարում հայտնաբերվել է 30 մլն դոլար: «Այս մարդը ֆորմալ առումով երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հայտարարագիր չի ներկայացրել, ուստի կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու եւ օրենքով սահմանված կարգով առգրավելու առումով: Սա է պատճառը, որ պետք է մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձեւավորելու մասին»,- ասաց նա:

Վարչապետը, սակայն, հորդորեց արդարադատության նոր մարմինները չշփոթել արտակարգ դատարանների հետ։

«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում աջակցել օտարերկրյա պետություններում ու օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու եւ ՀՀ վերադարձնելու հարցում»,- հայտնեց վարչապետը։

Փաշինյանը վերահաստատեց. ժամանակավոր կառավարությունը հրաժարվել է դատավորներին զանգելու եւ որոշումներ պարտադրելու պրակտիկայից. «Շատերը, որոնք հասկացել են, որ իրենց ժամերը հաշված են, իրենց տեղը բանտում է, սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, ոչ մեկ չի հարցնում, բա որ քաղաքական հետապնդումների զոհ եք, ի՞նչ գործ ունեք ազատության մեջ։ Թե՞ ձեզ թվում է՝ ձեւերը չգիտենք դատավորին զանգելու եւ «հաթաթա» գալու։ Մեր կառավարությունը հրաժարվել է այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ