News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ջրային տնտեսության պետական կոմիտեն պնդում է, որ  ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով պետք է Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնել։

«Ելնելով մեր հաշվարկներից՝ կարող ենք ասել, որ առանց Սեւանի անհնար է լուծել այս իրավիճակը։ Մենք արդեն օգտագործել ենք եւ շարունակում ենք օգտագործել մեր ամբողջ ռեսուրսները»,– NEWS.am–ին հայտնել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի գնահատմամբ՝ օգոստոսի 25-ից հետո ոռոգման ջրի դեֆիցիտը կգնահատվի 40 մլն մետր խորանարդի մակարդակում։

Փորձագետը մեկնաբանել է բնապահպանների հայտարարություններն այն մասին, որ այս ամռանը Սեւանի ջրերի ակտիվ ծաղկումը վկայում է ճահճացման ակտիվ գործընթացների մասին։ Ակտիվիստները սա կապում են Սեւանից ջրի լրացուցիչ բացթողումների հետ, որի հետեւանքով լճում նկատվում է ջրի մակարդակի անկում. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ ճահճացման գործընթացները, ջրի գույնի փոփոխությունները եւ մյուս երեւույթները ուղղակի կապված չեն Սեւանից ջրի բացթողումների հետ»,–նշել է Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, ստեղծվել է աշխատանքային խումբ հետաքրքրված նախարարությունների ու գերատեսչությունների մասնակցությամբ. «Այս փուլում ակտիվ քննարկումներ են ընթանում, 1-2 օրվա ընթացքում մենք վերջնական որոշում կկայացնենք»,–հավելել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին կայացած խորհրդակցությանը ՀՀ վարչապետը կոչ էր արել դադարել Սեւանա լճին վերաբերվել որպես խաղալիք կամ  ջրի տարա եւ հանձնարարել է ոռոգման ջրի այլ տարբերակներ գտնել։

Ավելի վաղ մի շարք բնապահպան կազմակերպություններ հայտարարել են «SOS Սեւան» ակցիայի մեկնարկի մասին, որն ուղղված է կոմիտեի ծրագրերի դեմ 2018 թվականին Սեւանից ջրի բացթողումը 40 մլն մետր խորանորդով ավելացնել։

Ըստ օրենքի՝ լճից ջրի տարեկան բացթողումը կազմում է 170 մլն մետր խորանարդ։

Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Սեւանի մակարդակի բարձրացումն ոչ բավարար մակարդակի է գրանցվում: Այդպես, եթե 2002-2012 թվականներին Սեւանը բարձրացել էր 3.5 մետրով, ապա 2012-ից մինչ օրս՝ ընդամենը 25 սանտիմետրով: Սա, ի վերջո, հանգեցրել է ներկայիս իրավիճակին, երբ լճում ճահճացման ակտիվ գործընթաց է գրանցվել, ինչի ապացույցն է միկրոջրիմուռների՝ վերջին հիսունից ավել տարվա ընթացքում աննախադեպ տարածումը: Արդյունքում, Սեւանի ջրի թափանցիկությունը զգալիորեն նվազել է: 2012 թվականին այն 17-18 մետր էր, 2017 թվականին՝ 9-10 մետր, իսկ այս տարի` ընդամենը 3 մետր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ