Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Տավուշի ուղղությամբ կրակոցները չի կապում երկրում ընթացող զորավարժությունների հետ։
«Շանթ 2018» զորավարժությունների շրջանակներում անցկացվող ճեպազրույցին նա նշել է, որ ընդհանուր իրավիճակը փոփոխություն չի կրել՝ կրակոցներ եղել են նաեւ զորավարժություններից առաջ. «Վերջին մոտ 10 օրվա ընթացքում հակառակորդը հաճախակիացրել է կրակոցները բնակավայրերի ուղղությամբ։ Ներկայումս տուժածներ կամ ավերածություններ չկան։ Հակառակորդի գործողություններն ավելի շուտ բարոյական ճնշում գործադրելու փորձեր են»,–նշել է նա։
ԳՇ պետի խոսքով՝ երեկ գնդակակոծվել է Ոսկեպար–Բաղանիս ճանապարհը, մինչ այդ Կոթի ու Վազաշեն գյուղերը. «Մենք դիմում ենք պատասխան գործողությունների՝ ճնշելով կրակային կետերը։ Սակայն Զինված ուժերին տրված է խիստ հրաման ձեռնպահ մնալ բնակավայրերի գնդակակոծումից»,–հավելել է ԳՇ պետը։
Միաժամանակ նա խոստովանել է, որ այս տարի հակառակորդը ակտիվացել է Նախիջեւանի ուղղությամբ։ «Սա ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, սակայն անհանգստանալու պատճառ ԳՇ–ն հիմա չի տեսնում»,–շեշտել է Դավթյանը։