News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հին Երեւան» ծրագրի շրջանակում իրականացված հողային եւ շինարարական աշխատանքների հետեւանքով  Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի կայունությունը վտանգվել է:

Այս առնչությամբ, մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեւան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան (1.6.206.3 ցուցիչով, բնակելի տուն՝ Զարմայր Անդրեասյանի):

Հուշարձան-շենքի կողային ճակատին կից տարածքում, առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության, կատարվել են հողային եւ շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հիշյալ հուշարձան-շենքի կայունությունը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 22-րդ հոդվածների խախտմամբ, որի համար ՀՀ մշակույթի նախարարությունը 2018 թ. սեպտեմբերի 12-ին գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շինարարական աշխատանքները եւ հուշարձան-շենքի փլուզումից խուսափելու համար հրատապ միջոցառումներ ձեռնարկել:

Հուշարձանի անխաթարությունը պահպանելու եւ փլուզման կանխման  լուծումների վերաբերյալ բանավոր քննարկումներ են ընթացել կառուցապատողի ներկայացուցչի եւ «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ս/թ հոկտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու նախագիծ (այժմ կատարվում է հուշարձան-շենքի չափագրություն, որի հիման վրա կազմվելու է նախագծային առաջարկ):

ՀՀ մշակույթի նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում հարցը քննարկել եւ ըստ խնդրի հրատապության՝ նախագծային լավագույն առաջարկին (հուշարձանը վտանգող խնդրի լուծմանը) տալ պահանջվող թույլտվություն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ եթե հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի` պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները ոչնչացնելը կամ վնասելը նախատեսում է պատժամիջոցներ:

Տպել
Ամենաշատ