News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին, ինչը հիանալի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը. «Հայասատանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին»։

Նա նշել է, որ Կանադան պատրաստ է Հայաստանին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի տնտեսական զարգացման մասին, ընդգծել է, որ կառավարության նպատակն է` փոխել տնտեսական կառուցվածքը` Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրել կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-կանադական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

Փաշինյնանը նաեւ ընդգծել է, որ Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, որը պաշտոնական այցով այցելում է Հայաստանի Հանրապետություն. «ԵՎ մենք գործ ունենք պատմական հնարավորության հետ: Ես կարծում եմ` Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ Ձեր ողջույնի համար: Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր, այնպես որ ես Կանադայի` պաշտոնական այցով Հայաստան այցելող առաջին վարչապետն եմ: Բայց նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին է նվիրել նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news