News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար եւ նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը եւս մեկ հրաշալի հնարավորություն է Երեւանի քույր եւ գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաեւ վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը:

«Երկու քաղաքների միջեւ արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով այսօր իսկապես մեծ ներուժ կա, եւ պետք է ընդգծեմ, որ մենք պատրաստակամ ենք Ամմանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Վստահ եմ, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր է իրականացնել արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Հայկ Մարությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ շնորհավորելով Հայկ Մարությանին Ամմանի քաղաքապետի, քաղաքի բնակիչների եւ իր անունից Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Օմար Էլ Լոուզին առանձնակի կարեւորել է երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանը միտված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունը եւ ընդգծել, որ սա եւս մեկ հրաշալի առիթ է՝ նախանշելու առաջիկա անելիքները:

«Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ մենք կամրապնդենք ու կզարգացնենք փոխգործակցությունը: Մեզ համար իսկապես կարեւոր է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու հաջողված փորձի փոխանակումը»,- նշել է Օմար Էլ Լոուզին:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանն իր շնորհակալությունն է փոխանցել Ամմանի գործընկերոջը՝ շնորհավորանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ