News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առանց Հայաստանի «Միասնական Կովկաս» ծրագիրը չի աշխատելու: Այս մասին մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը` անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միավորված Կովկաս» ստեղծելու գաղափարին: Նա նշեց, որ այդ գաղափարը ողջունելի է, սակայն քաղաքական առումով դժվար իրագործելի:

Շիրակ Թորոսյանը նկատեց, որ Վրաստանի նախագահի դիրքորոշումը փոփոխություն է կրել, քանի որ նա ժամանակ առաջ խոսում էր Հայաստան-Վրաստան-Ադրբեջան կոնֆեդերացիայի մասին, իսկ այժմ խոսում է միասնական Կովկասի մասին` բացառելով Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությունն այդ ծրագրին:  Շիրակ Թորոսյանը նշեց, որ այդ ծրագրի իրականացումից առաջ նախ պետք է լուծվեն տարածաշրջանում առկա խնդիրները, օրինակ` Ղարաբաղյան հակամարտությունը, որը հնարավորություն չի տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի ինտեգրումը:

«Խոշոր հաշվով Վրաստանի նախագահի գաղափարը ողջունելի է, սակայն Կովկասում լուրջ խնդիրներ կան կապված Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, Ցեղասպանության հարցի վերաբերյալ մերժողական քաղաքականության հետ: Իսկ երբ խոսվում է միասնական Կովկասի մասին, պետք է որոշակի իրողություններ ստեղծել, որը հնարավոր կդարձնի Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային ներառել այդ միասնական ծրագրում»,-նշեց Թորոսյանը: Նրա խոսքով` նշված գաղափարի մասին հայտարարություններն առայժմ ակադեմիական բնույթ ունեն, որովհետեւ մի կողմից միասնական Կովկասի գաղափար է առաջ քաշվում, մյուս կողմից այդ գաղափարն առաջ քաշողներն այնպիսի գործողություններ են իրականացնում, որոնք Հայաստանը մեխանիկորեն թողնում են քարտեզից դուրս: «Օրինակ Կարս-Ախալքալաք-Բաքու» երկաթգծի կառուցումը, որը քաղաքական ծրագիր է եւ որի նպատակը ոչ այնքան տնտեսական շահերի սպասարկումն է, որքան Հայաստանին մեկուսացնելը»,-նկատեց Թորոսյանը եւ հավելեց. «Առանց Հայաստանի չի կարող լինել Կովկասի միավորում, քանի որ առանց Հայաստանի Վրաստանն ու Ադրբեջանը չեն կարող լիարժեք զարգանալ, եւ առանց այդ երկրների էլ Հայաստանը չի կարող զարգանալ»:

Հետեւապես, ըստ պատգամավորի,  պետք է նախ այդ երկրների միջեւ առկա խնդիրները լուծվեն` միջազգային իրավունքի նորմերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, հակառակ պարագայում Կովկասի միավորումը մշուշոտ գաղափար կմնա:

Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս «Միրավորված Կովկաս» ծրագրի վերաբերյալ հարցեր էին քննարկել։ Վրաստանի նախագահի խոսքով, բաց սահմանները Կովկասի ժողովրդի համար շատ կարեւոր հանգամանք են ոչ միայն տնտեսական եւ մշակութային, այլեւ մարդկային  հարաբերությունների առումներով, եւ որ Վրաստանը կարող է ամբողջ Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի համար կարեւոր տնտեսական օղակ դառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ