News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ:

Հանդիպման սկզբում Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ չնայած նախորդ տարիներին ցեցի դեմ իրականացված պայքարի միջոցառումներին` բնակլիմայական պայմաններով պայմանավորված ընթացիկ տարում այն զգալի վնաս է հասցրել լոլիկի դաշտերին եւ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում շատ արագ կարող է տարածվել ամբողջ հանրապետությունում` վնասելով մորմազգի մշակաբույսերի ցանքատարածությունները:

Գառնիկ Պետրոսյանի խոսքով` հետագա վնասը կանխելու նպատակով 2019 թվականի համար մշակվել է պայքարի արդյունավետ միջոցներ, ըստ որի նախատեսվում է լոլիկի ցանքատարածքներում իրականացնել ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մշտադիտարկում, ինչը հնարավորություն կտա արագ հայտնաբերել վարակի օջախները, ճշգրտել պայքարի միջոցառումների ժամկետները եւ այդ մասին իրազեկել հողօգտագործողներին։

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ցեցի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում եւ ուսումնասիրություն` խնդրի վերաբերյալ առկա տեսական գիտելիքների եւ ֆերմերների պրակտիկ փորձի համադրմամբ:

Կարեւորվել է նաեւ հողօգտագործողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը զանգվածային լրատվամիջոցների,  խորհրդատվական ծառայությունների եւ տեղեկատվական գրքույկների միջոցով:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի հնարավոր լուծման իրենց տարբերակները եւ հնչեցրել մի շարք առաջարկներ, այդ թվում` նաեւ մարզերից մեկում պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանգամանորեն կուսումնասիրի բոլոր առաջարկները` դրանք ծրագրային փաստաթղթում ներառելու նպատակով:

Տպել
Ամենաշատ