News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների: Այս մասին ԱԺ անդրանիկ նիստում իր ողջույնի խոսում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգելի նախագահող,

Պատվարժան պատգամավորներ եւ սիրելի ներկաներ,

Ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:

Այսօր դուք՝ իբրեւ վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաեւ ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը  մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ: 

Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների: Բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ միայն, որ հուզում է մեր ժողովրդին: Մեր երկրի առջեւ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու եւ շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական, քաղաքական գործիչների եւ ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը եւ քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման եւ մեր շեն, հուսալի ապագայի կերտման:

Հարգարժան պատգամավորներ, ձեր օրենսդրական ջանքերով պիտի ձեւավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության եւ խաղաղության ապահովման համար: Ձեր հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական մեր կյանքում ամրապնդելու օրինականությունը, արդարությունն ու իրավունքը, որոնք կզորացնեն մեր ընթացքը՝ ապրելու եւ գործելու փոխադարձ հարգանքի, սիրո եւ համերաշխության մեջ:

Սիրո եւ համերաշխության ոգով, հավատում ենք, պիտի արդյունավորվեն նաեւ այս դահլիճում ընթացող քննարկումները եւ կայացվող որոշումները: Քաղաքական հայացքների եւ տեսակետների բազմակարծությամբ հանդերձ՝ մեր հայրենիքի եւ ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում ձեզ՝ համախումբ ջանքերով ներդրում բերելու ազգային մեր իղձերի իրագործման նվիրական առաքելությանը:

Պատվերն ունենք առաքյալի՝ ճշմարտությամբ, արդարությամբ, սրբությամբ, առաքինությամբ ու սիրով խորհելու (Փիլ. Դ 8), միաշունչ եւ միախորհուրդ լինելու եւ հակառակության ոգով չգործելու (Փիլ. Բ 2-3): Ճշմարիտ է ասված՝ միաբանությամբ փոքրերը մեծանում են, եւ անմիաբանությամբ մեծերը՝ փոքրանում: Արդ, ամուր պահենք Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնականությունը, հավատարմությունը մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին, մեր հայրերի նվիրական պատգամներին, որպեսզի ունենանք շնորհն ու զորությունը կերտելու մեր հայրենիքի եւ ազգային կյանքի զարթոնքը:

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրերին, արդարեւ, զորանում են հավատն ու վստահությունը, որ քրիստոնեական իր արժեհամակարգով մեր ժողովուրդը պիտի շարունակի լինել արարող ու զարգացող ազգ, հոգով ու մտքով լուսավորված ազգ՝ կարող բարեփոխելու իր կյանքը: Մեր Եկեղեցին, ինչպես բազմադարյա մեր պատմության ընթացքին, այսօր եւս շարունակելու է իր զորակցությունը բերել հայրենի իշխանությունների ազգաշեն նախաձեռնություններին։

Մեծարգո պատգամավորներ, Աստծո օրհնությունն ու շնորհներն ենք հայցում ձեզ եւ ձեր գործունեությանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերը թող ուղղորդի եւ ուժ ու կորով պարգեւի ձեզ: Թող Տերը Իր Սուրբ Աջի եւ խնամքի ներքո պահպանի ու օրհնի մեր ժողովրդին եւ սրբազան մեր երկիրը՝ խաղաղության մեջ եւ բարգավաճման ճանապարհին՝ այսօր եւ միշտ. ամեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ