News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրավական տեսանկյունից Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ճիշտ որոշում է ընդունել, սակայն զուտ մարդկայնորեն այս կամ այն նշանակման հետ կապված յուրաքանչյուրի մոտ կարող են առաջանալ ինչպես դրական, այնպես էլ բացասական զգացումներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը՝ մեկնաբանելով Հրանտ Ավանեսյանի նշանակումը ԲՈՀ ատենախոսության խորհրդի նախագահի պաշտոնում եւ դրա հետ կապված սկանդալը:

Նրա խոսքով՝ իրենք ոչ մի հիմք չունեին Ավանեսյանին այս պաշտոնում չնշանակելու համար: «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ հասկանալի դառնա, թե որ դեպքերում է կարելի, որ դեպքերում՝ ոչ: Հիմա մենք սահմանափակում ունենք՝ կապված վերջին 5 տարում գիտական հոդվածների քանակության կամ ասպիրանտների առկայության հետ: Ավանեսյանը համապատասխանում է այս բոլոր պահանջներին»,- պարզաբանեց Գոգյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ հոգեբան Սամվել Խուդոյանը հրաժարվել է լինել այս կառույցի անդամ, չնայած համապատասխան հրավերք է ստացել:

Ինքը՝ Սամվել Խուդոյանը, նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավանեսյանին գրագող էր անվանել՝ վստահություն հայտնելով, որ նա չի կարող իր վրա դրված պարտականությունները լիարժեք կատարել: Նրա խոսքով՝ ԲՈՀ-ն ղեկավարության փոփոխությունից հետո վճռական քայլեր է ձեռնարկել, որոնց մեծ մասն ինքն անձամբ ողջունել է, սակայն «գրագողությունը բավարար հիմնավորում է, որպեսզի հրապարակումը չներառվի ԲՈՀ ցուցակի մեջ»:

«Գիտությունը մեռած էր, աշխատանքներն արտագրվում էին, իսկ հետո դրանք պաշտպանում էին: Բայց դուք թո՞ւյլ եք տալիս, որ ձեր պարբերականներում գրագողություն հրապարակվի: Գրագողության դեմ պայքարը կանոնադրական կետերից մեկն է: Ես բացարձակ սխալ եմ համարում գրագողին ատենախոսության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելը»,- պարզաբանել էր Խուդոյանը՝ անդրադառնալով Հրանտ Ավանեսյանի նշանակմանը:

Ընդ որում՝ նա հավելել էր, որ նույնիսկ վարչապետին է նամակ ուղարկել եւ պատասխանի է սպասում: Հոգեբանը համոզված է, որ ատենախոսության խորհրդի նոր նախագահի նշանակումը ճակատագրական կդառնա հենց իր՝ հանձնաժողովի համար: «Այսինքն՝ նշանակվել է գիտնական, ում գրագողությունը հաստատվել է իր իսկ հատուկ գրառմամբ: Ատենախոսության խորհրդի նախագահը պետք է լինի այդ ոլորտի ամենահեղինակավոր փորձագետը, որն արժանի է հարգանքի»,- եզրափակել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ