News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Եթե մարդիկ մեղմ ասած դժվարանում են մատնանշել աղբյուրները իրենց եկամուտների, ապա դրանք  ոչ այլ ինչ են, քան ապօրինի եկամուտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, որ եթե մեծահարուստը րժչի կարողանում ներկայացնել իր հարստության ծագումնաբանություն, դրա 70 տոկոսը պետք է վերադարձնի պետությանը։

«Ես կողմնակից եմ նրան, որ ամեն ինչ օրինական ճանապարհով լինի, բայց տրամաբանություն տեսնում եմ պարոն Աղազարյանի առաջարկի  մեջ, որովհետեւ եթե մարդիկ մեղմ ասած դժվարանում են մատնանշել աղբյուրները իրենց եկամուտների, ապա դրանք  ոչ այլ ինչ են, քան ապօրինի եկամուտ։ Եթե օրինական են եկամուտները, որեւէ մեկը չպետք է խորշի ներկայացնել դրանց աղբյուրները, այդ դեպքում կարծում  եմ՝ ազնիվ կլինի անկախ բոլոր փաստաթղթերից, ձեւակերպումներից, ազնիվ կլինի, որ էդ մարդիկ հասկանան, որ իրենք գողացել են, շորթել են սեփական ժողովրդից եւ այդպիսի միջոցները Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ շրջանառել, որովհետեւ դա կլինի կեղտոտ փողերի լվացում, կամ ապօրինի թալանված գումարներ, երկու դեպքում էլ ասեմ, որ օրենքն արդեն իսկ հիմքեր տալիս է բռնագանձել դրանք»,- ասաց նա։

Հարցին, թե դա իր մեջ արդյոք վտանգներ պարունակում է այս հայտարարությունը  եւ արդյոք չի վախեցնի ներդրողներին, տնտեսագետն ասաց․ «Եթե այդ ներդրողները  գողեր են թող խրտնեցնի իրենց, մենք էդպիսի ներդրողների  կարիք չունենք, որոնք գողացած փողերը պետք է բերեն ներդնեն, եթե  նորմալ մարդիկ  են, չեմ կարծում, որ թաքցնեն։ Նորմալ մարդիկ պետք  է ունենան ֆինանսական թափանցիկ հաշվետվություններ, ամեն տարի էսպես թե էնպես պետք է իրականացնեն, աուդիտ պետք է անցնեն, այսինքն եթե էդ մարդիկ վախ ունեն, չեմ կարծում, որ իրենք նորմալ մարդիկ են եւ նորմալ ձեւով են հարստացել։ Կարծում եմ, որ մեր երկիրը էդ մարդկանց տեղը չէ եւ չեն կարող Հայաստանը վերադարձնել նորմալ հանգրվանի»։

Տնտեսագետի կարծիքով՝ դժվար չէ ուսումնասիրություններ կատարել եւ հասկանալ՝ այդ գումարները մեծահարուստները որտեղից են վաստակել․ «Դժվար այդ ամբողջը լինեն տատիկի հարստություն, կամ զոքանչի ունեցվածք, կարծում եմ, որ այդտեղ պետք է ավելի լուրջ եւ ինստիտուցիոնալ մոտեցում լինի։ Իսկ աղբյուրները հայտնաբերելու դեպքում քրեական օրենսգիրքը համապատասխան պատիժներ սահմանում է»։

Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ  հարստությունը հետ վերադարձնելու երեւույթն է կարեւոր, չափը կարեւոր չէ, որ մարդիկ հասկանան, որ ամենաթողություն այլեւս չկա։

Տպել
Ամենաշատ