News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, եւ արդեն մի քանի օր է՝ նա ազատ է արձակվել։

Այսօր, Գեւորգ Ստեփանյանը տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն․

«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին իմ ազատությանը, ովքեր մասնակցեցին ստորագրահավքին, ովքեր եղան աջակից արդարության բացահայտմանը եւ արդարության պայքարին։ Հավատացեք՝ բավականին դժվար է Ռուսաստանում հասնել արդարությանը, ու մի ուժով չէ, որ կարող է դա տեղի ունենալ․ բավականին մեծ ջանքեր են դրվել, որպեսզի ես ազատ արձակվեմ ու կարողանամ իմ պայքարը տանել ազատության մեջ»։

Գեւորգ Ստեփանյանը նշել է, որ բանտում բավականին ծանր պայմաններ էին, բավականին ծանր ճանապարհով է անցել, բայց պայքարը դեռ առջեւում է․ «Դեռ դժվարությունները առջեւում են, դեռ ունենք պայքար դատարաններում։ Ես ավելի քան համոզված եմ, որ արդարությունը իմ կողմն է․ այս բառը հենց այնպես չեմ օգտագործում, որովհետեւ ես իմ ամեն մի քայլը գիտեմ, ես գիտեմ՝ ինչ եմ արել,  ես գիտեմ՝ ինչպես եմ արել, ու ամեն մի քայլիս համար կարող եմ ստորագրել։ Մեզ այսօր մի բան է պակասում՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որը շուտով կլինի, եւ հենց պատրաստ լինի՝ պարզ կլինի, թե ում մեղքը որտեղ է։ Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ»,- հայտարարել է նա։

Գեւորգ Ստեփանյանը նաեւ տեղեկացրել է, որ մի քանի օր է, ինչ ազատության մեջ է, եւ «դեռ հետ է գալիս»։

Նա անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերով ստացած այն բազմաթիվ նամակներին, որոնցով նրան առաջարկում են ֆինանսական կամ որեւէ այլ օգնություն․ 

«Ինձ ոչ ֆինանսական, ոչ էլ այլ օգնություն է պետք, ինձ պետք է ձեր ներկայությունը, ձեր աջակցությունը այս ամենին»,- ասել է նա՝ եզրափակելով «բոլորով իրար հետ, դեպի առաջ»։

Հիշեցնենք՝ Գեւորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում  եւ կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետեւանքով։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ջանքերի շնորհիվ՝ հաջողվել է նրա խափանման միջոցը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ