Հայաստանը կողջունի Ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, բայց դրանով չի պայմանավորում Իսրայելի հետ ավելի սերտ կապերը։ Այս մասին «The Jerusalem Post»-ի հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։
«Մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական նկրտումները հաճախ խանգարում են բարոյական նկրտումներին։ Եվ մենք նույնպես երբեմն ստիպված ենք գործ ունենալ դրա հետ»,- ասել է Հովհաննիսյանը։
Հարցին, թե հիասթափված է նա արդյոք, որ Իսրայելը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, նա նշել է իր անձնական եւ արտաքին գործերի նախարարության կարծիքների տարբերության մասին։ Հովհաննիսյանը նշել է, որ որպես «Ցեղասպանությունը վերապրած փախստականների ժառանգ» ինքն անձամբ հիասթափված է, թեեւ «դա արտաքին գործերի նախարարության կամ կառավարության դիրքորոշումը չէ»։
Նա հավելել է, որ շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, որոնք Հայաստանի մերձավոր գործխընկերն են, չեն ճանաչել Ցեղասպանությունը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի անկախության ավելի քան 25 տարիների ընթացքում «ճանաչման տեմպերը տպավորիչ են եղել», երբ «հազարավոր տարածաշրջանային կառավարություններ» եւ մոտ 40 երկիր ճանաչել են Ցեղասպանությունը։