News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանում մարզումներն է սկսել առաջին կլոնավորված խուզարկու շունը՝ ծառայության անցնելուց առաջ։ Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է China Daily թերթը, երեք ամսական Կունսյունը վարժվելու է Յուննան նահանգի Կունմին քաղաքի ոստիկանական բազայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կունսյունը ծնվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին չինական Sinogene Biotechnology ընկերության փորձարարական բազայում։ Դա Կունմինյան հովվաշուն տեսակի 7 տարեկան հոտառու էգի, որի անունը Հուահուանմա է, կլոնն է։ Երկար տարիներ նա ծառայել է Պուեր քաղաքի ոստիկանությունում եւ համարվում է ամենաարժեքավոր «աշխատակիցներից» մեկը. 2016-ին Հուահուանման պարգեւատրվել է Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կողմից սպանությունների հետաքննություններում ունեցած ավանդի համար։ Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու կենդանիների ԴՆԹ-ն համընկնում է 99,9 տոկոսով։

«Կունսյունի ծնունդը նոր հնարավորություններ է բացում ոստիկանական շների կլոնավորման համար,- ասել է Sinogene Biotechnology-ի գլխավոր տնօրենի տեղակալ Չժաո Ցզյանպինը։- Դա նաեւ թույլ կտա զգալիորեն կրճատել կենդանիների վարժեցման ժամանակը»։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ շան վարժեցումը, որպեսզի նա հասնի Հուահուանմայի մակարդակին, մոտ 400-500 հազար իեն (60-74 հազար դոլար) կարժենա եւ կտեւի 4-5 տարի։ Սակայն, Կունմինյան բազայի ոստիկանական շների պատրաստման առաջատար մասնագետ Վան Ցզյուշենի խոսքով՝ Կունսյունը կկարողանա ծառայողական պարտականությունները կատարել արդեն 10 ամսականում։

Փորձագետները նաեւ նշում են, որ ոսիկանական շների բազմացման այս մեթոդը նախկինի պես մի շարք սահմանափակումներ ունի։ Դրանցից մեկը կլոնավորման արժեքն է, որն առայժմ չի բարձրաձայնվում։ Մյուս պատճառը մարդկային գործոնն է։ Ինչպես ասաց Վան Ցզյուշենը, «մարզիչը եւ վարժեցման պայմանները պակաս դեր չեն խաղում շների պատրաստման գործում»։ Ինչպես նշել է մասնագետը, «այսկերպ կենդանիների զանգվածային բազմացման մասին խոսելը դեռ վաղ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել