News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցել է «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի լիագումար նիստին, որին մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Համաժողովի բացումը կատարել են Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը, շնորհավորելով մասնակից պետություններին Բուենոս Այրեսի գործողությունների ծրագրի քառասունամյակի կապակցությամբ, հույս է հայտնել, որ օգտագործելով «Հարավ-Հարավ համագործակցության» հսկայական ներուժը և մեկտեղելով միջազգային հանրության ջանքերը, հնարավոր կլինի ստեղծել համագործակցության ամրապնդման նոր և ընդգրկուն հարթակներ՝ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանում աշխատանքներ են տարվում երկրի ազգային գերակայությունները ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հեռահար և համապարփակ գործընթացին համապատասխանեցնելու ուղղությամբ, որոնք կապահովեն դրանց ներդաշնակեցումը ՀՀ հավակնոտ բարեփոխումների ծրագրին, որն առաջ է եկել թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած վճռական քաղաքական և ժողովրդավարական փոխակերպումների  արդյունքում։

Արտակ Ապիտոնյանը նաև նշել է Հայաստանի նախաձեռնությունները՝ միջազգային տարբեր հարթակներում գործողությունները համընդհանուր զարգացման օրակարգին ներդաշնակեցնելու ուղղությամբ, ինչպիսիք են Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահության շրջանակներում միջոցառումները, Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և այլն։

Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին՝ Ա. Ապիտոնյանն ասել է, որ Ադրբեջանը, խուսափելով փոխզիջումային լուծումներ գտնելուց, մերժելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և շարունակելով ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, իրական սպառնալիքներ է առաջացնում Արցախի բնակչության գոյատևման, հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար։

Փոխնախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումներին որպես կայուն զարգացմանը և բարիդրացիության միջավայրի ձևավորմանը խոչընդոտող գործոնին։

Բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Գվատեմալայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաիրո Էստրադայի (Jairo Estrada) հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերն ակտիվացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր։

Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուի Թան Սոնի (Bui Thanh Son) հետ քննարկվել են տնտեսական կապերի և մշակութային-կրթական փոխանակումների աշխուժացման վերաբերյալ հարցեր։  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վիետնամական կողմին հրավիրել է մասնակցելու Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին։

Կարևորվել է նաև ԵԱՏՄ հարթակը տնտեսական կապերը խթանելու համար լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յենս Ֆրոլիխ Հոլթեի (Jens Frolich Holte) հետ էլ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին Նորվեգիայի շարունակական աջակցությունը, միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնումը, երկու երկրների քաղաքական շրջանակների միջև անմիջական կապերի հաստատումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ