News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհաշինության եւ շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան համալրվել է 51 անուն եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով։

Սա հնարավորություն կտա այսուհետ Հայաստանում ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի լիարժեք փորձարկումներ կատարել, ինչը նոր մակարդակի կբարձրացնի կառուցվող ճանապարհների որակը։

Նախարար Հակոբ Արշակյանին տեղում մանրակրկիտ ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորությունները, դրանց կիրառումը ճանապարհաշինական աշխատանքներում։

Նշվել է, որ եթե մինչ այժմ լաբորատորիայի հնարավորությունները սահմանափակվում էին միայն ասֆալտի որակական հատկանիշների ստուգմամբ, հիմա արդեն հնարավոր է կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան ցանկացած տիպի փորձարկում, այդ թվում՝ նաեւ բետոնի եւ գրունտի։

Նախարարը ծանոթացել է 2000 կիլոնյուտոն հզորությամբ մամլիչի աշխատանքին, որը բետոնի ամրության որակն է ստուգում։

Ճանապարհաշինության մեջ օգտագործվող բետոնն ունի իր նվազագույն նախագծային պահանջները։ Երբ բետոնի փորձանմուշը դրվում է այս մամլիչի տակ՝ էկրանին գծագրվող կորը ցույց է տալիս, թե ինչ ուժ ազդեց դրա վրա, ինչ ուժի տակ այն կարող է կոտրվել կամ քայքայվել։ Արձանագրված տվյալների հիման վրա արդեն մասնագետը տեսնում է տվյալ պատվածքը համապատասխանո՞ւմ է ամրության պահանջվող չափորոշիչներին, թե՞ ոչ։

Այս սարքավորումն ունի նաեւ հեռակառավարման համակարգ, մի քանի ստանդարտներով աշխատելու, տվյալները համակարգչին փոխանցելու հնարավորություն։

Նոր սարքավորումների շարքում է նաեւ կլիմատիկ խցիկը, որը կլիմայական տարբեր վիճակներում ստուգում է, թե ինչ ֆիզիկական փոփոխություններ են կատարվում նմուշի հետ։  Ջրային բաղնիքն էլ հնարավորություն է տալիս փորձարկվող շինանյութերը մամլիչի տակ տեղավորելուց առաջ իջեցնել կամ բարձրացնել փորձարկման համար անհրաժեշտ կոնկրետ ջերմաստիճանի։

Կան նաեւ սարքավորումներ, որոնք ստուգում են ասֆալտի հատիկային կազմը, ասֆալտի բիտումի էլաստիկությունը, թարմ բետոնի մեջ օդի պարունակությունը: Կան նաեւ դաշտային սարքեր, որոնցով հնարավոր է ստուգել գրունտի կրողունակությունը եւ այլն։

Հակոբ Արշակյանն ընդգծել է սարքավորումների գործարկման ընթացքում անվտանգության պահպանման եւ դրա ավելի բարձրացման անհրաժեշտությունը։

Նախարարը հանձնարարել է նաեւ ստեղծել տվյալների պահպանման էլեկտրոնային բազա:

Սարքավորումների մոնտաժման, տեղադրման աշխատանքներն ու լաբորատորիայի աշխատակիցների ուսուցումն իրականացրած մասնագետը փաստում է, որ սարքավորումների կիրառելիության հետ կապված որեւէ խնդիր չի լինի, քանի որ շատ փորձառու մասնագետներ ունենք, որոնք ամբողջությամբ յուրացրել են նոր սարքավորումների գործածությունը եւ լիարժեք կարող են դրանք կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում։

Նախարար Հակոբ Արշակյանին է ներկայացվել նաեւ ռուս մասնագետների կողմից առաջարկվող նոր ճանապարհածածկ ստանալու փորձարկումների արդյունքները։

Նշվում է, որ այն թույլ կտա շատ որակյալ ու ավելի մատչելի ճանապարհներ կառուցել։

Նմուշները պատրաստում են՝ կիրառելով երկու մեթոդ։ Առաջինը՝ տարբեր աստիճանի խոնավություն ունեցող տեղական գրունտին ավելացվում են ցեմենտ, հատուկ նյութեր, ինչի արդյունքում առանց խճի եւ ասֆալտի օգտագործման ստացվում է բավական ամուր եւ դիմացկուն ճանապարհային ծածկույթ։

Հաջորդ մեթոդի դեպքում օգտագործված ասֆալտի փշրանքները որոշակի ջերմաստիճանում տաքացնելու եւ համապատասխան հավելանյութերի ավելացման արդյունքում նոր ասֆալտ է ստացվում, որի ինքնարժեքը մի քանի անգամ ավելի ցածր է, քան ներկայում կիրառվողը։ Մասնագետը փաստում է, որ այս տեխնոլոգիաները, եթե կիրառվեն ճանապարհաշինության մեջ, 30-70 տոկոս խնայողություն կգրանցվի։ Այսպես կարելի է թե՛ գյուղական նշանակության ճանապարհների, թե՛ միջպետական մայրուղիների նորոգումներ կատարել։

Նախարարին է ներկայացվել նաեւ սարքավորումների կիրառելիության հետ կապված այլ մանրամասներ, նշվել է, որ նորագույն այս սարքավորումների կիրառմամբ զգալիորեն կպակասի փորձարկումների արդյունքների վրա մարդկային գործոնի ազդեցությունը։

Հատկանշական է, որ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարության «Հայաաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը մինչ այս արդեն ձեռք էր բերել նաեւ ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ եւ ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ