News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այսօրվա քննակումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում. Ուղիղ  մեկ տարի առաջ էր, որ այս նույն ամբիոնից Դավիթ Հարությունյանն ասում էր՝ դե մենք մեծամասնություն ենք, կառավարությունը գիտին ինչ է անում, դուք գործ չունեք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ նույնն այսօր ասում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Պարոն Զեյնալյանն ասում է՝ կառավարությունն ընտրվել է ժողովրդի կողմից, վայելում է ժողովրդի վստահությունը, պարոն Հովակիմյանն ասում է՝ կառավարությունը ոնց որոշի: Հարգելի´ գործընկերներ, միակ ընտրված մարմինը Ազգային ժողովն է, եւ որոշողն ազգային ժողովն է, դրա համար եք դուք եկել Ազգային ժողով՝ ներկայացնելու նախագիծը:

Եվ եթե խմբակցություններն ունեն իրավունք՝ ներկայացնել առաջարկ, ապա, պարո´ն Զեյնալյան, չի կարելի ասել՝ մենք չենք ուզում քննարկել ձեր առաջարկները: Դուք պարտավոր եք քննարկել կետ առ կետ եւ պարտավոր եք հիմնավորել, թե որ կետին ինչի համար եք դեմ, իսկ այդպիսի քննարկում, պարո´ն Հովակիմյան, Ձեր հանձնաժողովում չի եղել: Եվ այո´, պարոն Մարուքյանը շատ գեղեցիկ ձեւով ներկայացրել է մեր մոտեցումները, բայց կա տեղեկանք, որտեղ հատ-հատ գրվում են օրենքի հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները, եւ նման քննարկում տեղի չի ունեցել»,- շեշտեց Գորգիսյանը:

Այնուհետեւ պատգամավորն անդրադարձավ կառավարության կառուցվածքի նախագծին. «Հիմնական կարեւորագույն բաղադրիչը՝ կարիքների եւ ազդեցության գնահատականը բացակայում է նախագծից: Տարբեր երկրներ, իհարկե, ունեն տարբեր քանակի նախարարություններ եւ կառավարության կառուցվածք, բայց այդ ամենը հիմնված է հետազոտությունների վրա, եւ փոփոխություններն անելիս հաշվարկվում են ազդեցությունները: Այդ տեղեկությունները ստանալու համար մենք ստիպված հարցապնդում ենք արել եւ այսօր փորձելու ենք ստանալ այդ հարցապնդման պատասխանը, որն ի սկզբանե պետք է լիներ նախագծի հիմքում: Փորձելու ենք ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք գոյություն չունեն եւ հիմնավորվում են՝ այո, մենք այդպես ենք զգում, որ այդպես լավ կլինի»,- ասաց նա:

Գեւորգ գորգիսյանը դիմեց Արտակ Զեյնալյանին. «Պարո´ն Զեյնալյան, ինչքան էլ կառավարությունն է ամեն ինչի համար պատասխանատու, եթե չկա կոնկրետ անձ, կոնկրետ խնդրի համար պատասխանատու, գործում է կոլեկտիվ անպատասխանատվությունը: Որեւէ մեկից մենք չենք կարող պահանջել, որպես վերահսկող խորհրդարան, պարոնայք, ինչո՞ւ մեզ մոտ չի զարգանում նորարարությունը, ինչո՞ւ տեխնիկական վերազինում տեղի չի ունենում, ինչո՞ւ գիտությունը չի նպաստում դրան: Այս ամենի համար պետք է լինի գոնե մեկ քաղաքական պատասխանատու, հիմա այդ պատասխանատուն չկա»:

Գորգիսյանը նշեց, որ մեկ տարի առաջ, վարչապետ Փաշինյանն իրենց հետ քննադատում էր, որ կառավարության կառուցվածքում կան մարմիններ, որոնք դուրս են ԱԺ վերահսկողությունից. «Հիմա դեռ ուժայինները մի կողմ թողնենք, մի հատ էլ Սփյուռքի նախարարությունը հանվում է, տանում մտցվում է վարչապետի աշխատակազմ՝ կրկին խորհրդարանական վերահսկողությունից դուրս, եւ ոչ ոք չգիտի, թե ինչով է զբաղվելու այդ մարդը: Գիտի միայն վարչապետը, դե, ինչով ասի, դրանով էլ կզբաղվի, այսպիսին է խորհրդարանական երկրի մեր իրականությունը»,- շեշտեց նա:

Գորգիսյանը վերջում խոսքն ուղղեց վարչապետին. «Պարո´ն վարչապետ, շատ եմ խնդրում, հանեք այդ կոստյումը, որ կարվել է Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ այն ոչ միայն Ձեզ չի սազում, այլեւ արդեն Ձեր թիմակիցները՝ ամենափորձառուները, ձեր կուսակցության վարչության անդամները հարցին պատասխանելիս հղում են անում Ձեզ, ասում են՝ մենք չգիտենք, պարոն Փաշինյանին հարցերը տվեք, մենք կապ չունենք: Սա էլ է վատ հիշողություններ ու դեժավյու»:

Տպել
Ամենաշատ