News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ներկայացրել է աղբահանության մեքենաների գնման սկանդալային մրցույթի վերաբերյալ քաղաքապետարանի տեսակետը:

Հապշտապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հակոբ Կարապետյանն արձանագրեց, որ քաղաքապետարանի առաջարկով կառավարությունը ներկայումս քննարկում է աղբահանության ճգնաժամի կարգավորման համար մեկ անձից մեքենաները գնելու հարցը: Քաղաքապետը կառավարություն է կանչվել եւ հարցի հետ կապված պարզաբանումներ է տալիս:

Այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը նախկինում  բազմիցս փորձել է քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել աղբի խնդրի վրա, խիստ քննադատության էր ենթարկել այն, թե քաղաքապետարանն ինչպես է կազմակերպել աղբահանության մեքենաների գնման մրցույթը

Մամուլի ասուլիսի ժամանակ, որը նախապես պետք է անցկացներ փոխքաղաքապետը, պարզվել է, որ քաղաքապետարանի ավագանու երկու ընդդիմադիր խմբակցությունները ընդհանրապես տեղեկացված չէին նման գործընթացների մասին, ինչը «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները ուղիղ ասացին մամուլի քարտուղարին: Ի պատասխան՝ Հակոբ Կարապետյանը հավաստիացրեց, որ ընտրողական մոտեցում չկա, իսկ քաղաքապետարանը եւ կառավարությունը գործում են առավելագույնս թափանցիկ:

Վերադառնալով մամուլի ասուլիսի անմիջական թեմային՝ Հակոբ Կարապետյանը հայտարարեց, որ հարցը շտապ լուծման կարիք ունի, սրանով է պայմանավորված քաղաքապետարանի գործողությունների շտապողականությունը: «Հոկտեմբերից խոսում ենք աղբահանության համակարգային բարեփոխումների մասին, մեկ օպերատոր կար եւ կարծիք կար, որ նա պետք է մատուցվող ծառայությունները պատշաճ մակարդակի հասցնի»,- նշեց Կարապետյանը:

Ընդ որում՝ նա հիշեցրեց անցած ամռանը ստեղծված ծանր իրավիճակը: «Որոշվեց, որ եթե «Սանիթեքը» ի վիճակի չէ կատարելու պարտականությունները, անհրաժեշտ է մտածել երկրորդ օպերատորի մասին: Այս տարվա սկզբից այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել: Փետրվարին աղբահանության 24 մեքենաների գնման մրցույթ է հայտարարվել: Մրցույթը բողոքարկվել է գնումների գանգատարկման խորհրդի կողմից: Քաղաքապետարանը չէր համաձայնվել եւ նույնպես դատարան էր դիմել: Այն բավարարել է մրցույթը շարունակելու հնարավորության մասին քաղաքապետարանի միջնորդությունը»,- հայտնեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ բուն մրցույթը կանցկացվի ամռանը, բայց քանի որ հիմա իրավիճակը ճգնաժամային է, քաղաքապետարանը կառավարությանը խնդրում է թույլ տալ մի քանի մեենա գնել մեկ մատակարարից: Ընդ որում՝ պարզվեց, որ քաղաքապետարանում պատկերացում չունեն, թե ով է կառավարելու այդ մեքենաները: «Թե դրանք ինչպես կկառավարվեն՝ ժամանակը ցույց կտա»,- հայտարարեց Կարապետյանը: Մեքենաների սպասարկմանը հարցը մնաց օդում կախված:

Ինչպես հավաստիացնում է քաղաքապետարանի ներկայացուցիչը, հարցը բնավ մեքենաների ապրանքատեսակը չէ, այլ տեխնիկական բնութագրերը, որոնք անհրաժեշտ են քաղաքի ռելիեֆին համապատասխանելու համար, եւ «ԿամԱԶը» ավելի քան հարմար է, ու մի բան էլ էժան է։ «Սանիթեքում» հոկտեմբերից անցկացվել են քննարկումներ բարեխիղճ աշխատանքի վերաբերյալ։ Քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարում է «սկզբից մինչեւ վերջ», բայց աղբահանումը չի համապատասխանում պայմանավորվածություններին»,- փաստեց Կարապետյանը։

Արդարացի հարցին, թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը, եթե իրավիճակն արդեն ավելի քան մեկ տարի այսպիսին է, ընկալելի պատասխան չհաջորդեց։ Սակայն ներկայացուցիչն ի պատասխան արտահայտված կասկածի, մասնավորապես՝ մրցույթի կազմակերպման հարցի վերաբերյալ, հավաստիացրեց, որ քաղաքապետարանն ավելի քան 200 մրցույթ է անցկացրել ապրանքների ու ծառայությունների գնման համար։ Բանավեճի ընթացքում պարզվեց, որ մեքենաների գնման վրա առայժմ ոչինչ չի ծախսվել։ «Թե որքան կծախսվի՝ կպարզվի գնման ընթացքում»,- տեղեկացրեց Կարապետյանը։

Ավելի վաղ «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղեկացրել էր, որ 24 մեքենաների գնումը Երեւանի բյուջեի վրա 900 մլն դրամ կնստի։ Թե ումից է քաղաքապետարանը մտադիր ձեռք բերել մեքենաները՝ նույնպես խոր գաղտնիք է մնում։ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ պոտենցիալ մատակարարները մի քանիսն են։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ձնահավաք մեքենաների գնման ժամանակ ենթադրվում էր դրանք վարձակալության հանձնել «Սանիթեքին», արդյո՞ք քաղաքապետարանը մտադրություն ունի նույն կերպ վարվել նաեւ աղբահանման մեքենաների հետ։ «Իսկ դա հաստատվե՞ց»,- հարցին հարցով պատասխանեց Կարապետյանը։ Ընդդիմախոսները չհիշատակեցին, սակայն, որ ձյունը Երեւանում անցած ձմռանը մի երկու անգամ է եկել, եւ հավաքման գործնական արդյունք չեն տեսել ո՛չ անցորդները, ո՛չ վարորդները։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը հիշեցնում է հանրահայտ արտահայտությունը «ձմռան հանկարծակի գալու» մասին։ Այս դեպքում Երեւանի քաղաքապետարանն է իր համար անսպասելի հայտնաբերել, որ օրացույցին ապրիլն է եւ շտապ ձեռնամուխ է եղել աղբահանման մեքենաների գնման գործին մեկ անձից։ Այդպես է ստացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ