News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գաղտնիք  չէ, որ այսօր ՀՀ-ում՝ հատկապես Երեւան քաղաքում լայն տարածում ունեն մերսման սրահները. այդ անվան տակ բազմաթիվ երեւույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին:

Նրա խոսքով, հիմա թրաֆիքինգ է համարվում նաեւ սեռական շահագործումը. «Թրաֆիքինգի նշաններից է անկանոն աշխատանքային գրաֆիկը: Հիմա այս երկու կետերի համադրությամբ, կարող ենք այդ մերսման սրահներին բնորոշել որպես թրաֆիքինգի օջախներ: Առաջարկում եմ, որ ձեր կառույցն ուսումնասիրի այս երեւույթը եւ արգելող դրույթների մեջ նաեւ նշի Երեւանում գործող մերսման սրահները, որ հնարավորինս արագ փակվեն այդ թրաֆիքինգի օջախները»,- ասաց Բագրատյանը:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված երկու գործընթաց կա՝ աջակցության եւ պաշտպանության. «Աջակցության գործընթացն իրականացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը: Ես կարող եմ ասել, որ 2018 թվականին 9 քրեական գործ է հարուցվել, որից երկուսը կարճվել է, մեկը վերաորակավորվել է եւ միայն մեկն է սեռական շահագործման հիմքով եղել: Ինչ վերաբերում է աջակցության գործընթացին, մենք միշտ պատրաստ ենք եւ աջակցում ենք»:

Բագրատյանի արձագանքը բավական կոշտ էր. «Հարգելի պաշտոնյա, ես Ձեզ չեմ հարցնում, որ Դուք ինձ ուղղորդեք ինչը՝ որտեղ: Ես Ձեզ ասում եմ՝ ուսումնասիրեք այդ երեւույթները, համապատասխան եզրակացություն ներկայացրեք ԱԺ-ին: Ճիշտ կլինի, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնեք այդ ուսումնասիրությունները, թե չէ ով պետք է զբաղվի դրանով՝ Ձեզանից լավ գիտենք»:

Փոխնախարար Գեւաֆին Գասպարյանն էլ կարճ արձագանքեց. «Ուրախ եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ