News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի պարտավորեցրել է իր աշխատակազմին բոյկոտել Սպիտակ տանն առընթեր Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ավանդական ընդունելությունը, որը տեղի է ունենալու շաբաթ, ապրիլի 27-ին։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրներին։

Նախագահն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ այդ ընդունելությանը, այլ մտադիր է հանդես գալ շաբաթ երեկոյան իր կողմնակիցների առջեւ Գրին Բեյ (Վիսքոնսինի նահանգ) քաղաքում։ Ասոցիացիայի այս միջոցառումը, որն այս տարի նշում է հիմնադրման 105-ամյակը, Թրամփն ավելի վաղ անվանել էր «այնպես ձանձրալի ու այնպես բացասական»։

Politico-ն նախագահի որոշումն անվանել է Ասոցիացիայի հանդեպ քամահրական վերաբերմունքի դրսեւորում, որը երեք ամսվա ընթացքում պատրաստվում էր այդ ընդունելությանը։ Պարբերականը կարծում է, որ Թրամփի վերոնշյալ կարգադրությունը դրականորեն կընկալվի նրա կողմնակիցների կողմից, որոնք համոզված են, որ ԶԼՄ-ները «ժողովրդի թշնամիներն» են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/

2017 եւ 2018 թվականներին եւս նախագահը հրաժարվել է մասնակցել Ասոցիացիայի ընդունելություններին՝ նախընտրելով հանդիպել իր կողմնակիցների հետ, բայց աշխատակազմի անդամները միջոցառումը չեն անտեսել։ Այսպես, անցած տարի նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը եւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մասնակցել են այդ միջոցառմանը։ Իսկ Թրամփի ներկայիս կարգադրությունը, Politico-ի տվյալներով, փաստորեն լիովին արգելում է մասնակցել մամուլի ընթրիքին աշխատակազմի ցանկացած աշխատակցի։

Այսպիսով, Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը պարտավորեցրեց աշխատակազմի ներկայացուցիչներին բոյկոտել Ասոցիացիայի ընդունելությունը։ Նա նաեւ առաջին նախագահն է, որը առանց իրենից կախված պատճառների հրաժարվեց մասնակցել Ասոցիացիայի ընթրիքին։ Երկրի 40-րդ նախագահը՝ Ռոնալդ Ռեյգանը, մամուլի ընթրիքին չէր մասնակցել 1981-ին, որովհետեւ վերականգնվում էր իր դեմ կատարված մահափորձից հետո։

ԶԼՄ-ների քննադատությունը

Երեքշաբթի առավոտյան Թրամփը նորից քննադատեց The New York Times-ին՝ նրանից պահանջելով ներողություն խնդրել։ «Հետաքրքիր է, արդյո՞ք The New York Times-ը ներողություն կխնդրի ինձնից երկրորդ անգամ, երբ դա արեց 2016-ի ընտրություններից հետո։ Բայց այս անգամ նա պետք է ծնկի գա եւ ներում աղերսի. նրանք իսկապես ժողովրդի թշնամիներն են»,- գրել է Թրամփը Twitter-ում։ Նա չի ճշտել, թե պարբերականի որ նյութն է առաջացրել նրա դժգոհությունը։ Երկուշաբթի The New York Times-ը հրապարակել էր Փոլ Կրուգմանի հոդվածը, որը հերթական անգամ մեղադրում էր նախագահին ԱՄՆ-ում 2016-ին նախագահական ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությանը խոչընդոտելու, իսկ ամբողջ Հանրապետական կուսակցությանը՝ ամերիկյան արժեքների հանդեպ հավատի բացակայության համար։

Ավելի վաղ Թրամփը քանիցս մեղադրել էր ԱՄՆ լիբերալ ԶԼՄ-ներին այն բանում, որ նրանք կանխակալ են իր եւ իր աշխատակազմի որոշումների հանդեպ։ Նախագահը պնդում էր, որ այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսին են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաեւ մի շարք տպագիր պարբերականներ, ներառյալ The New York Times-ը, հրապարակում են կեղծ տեղեկատվություն։ Դրանցում աշխատող լրագրողներին ԱՄՆ նախագահն անվանել է «ժողովրդի թշնամիներ»։ 2018-ի հունվարի վերջին, ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհաին տնտեսական համաժողովում, Թրամփն ընդգծել էր, որ միայն քաղաքական գործիչ դառնալուց հետո է հասկացել, թե «որքան ահավոր, դաժան, չար ու կեղծ կարող է լինել մամուլը»։

Ընթրիքի մասին

Սպիտակ տանն առընթեր Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը ավանդաբար համարվում է ԱՄՆ մայրաքաղաքի բարձրաշխարհիկ կյանքի տարվա գլխավոր միջոցառումներից մեկը: Անցյալ տարի այն տեղի է ունեցել Washington Hilton հյուրանոցում: Սովորաբար երեկույթին մասնակցում է վաշինգտոնյան քաղաքական լրագրության ամբողջ ընտրանին, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչներ, արտասահմանյան դիվանագետներ եւ ամերիկյան շոու բիզնեսի աստղեր:

Ասոցիացիան ստեղծվել է 1914 թվականին, իսկ 6 տարի հետո ծնվել է ամենամյա ընթրիքների անցկացման ավանդույթը: 1924 թվականին այս միջացառումն այցելած ԱՄՆ առաջին նախագահն է դարձել ԱՄՆ 30-րդ նախագահ Քելվին Քուլիջը: Այդ ժամանակից ի վեր պետության յուրաքանչյուր ղեկավար Ասոցիացիայի ընթրիքին մասնակցել է պաշտոնավարման ընթացքում գոնե մեկ անգամ:

Սկզբնապես ընթրիքի ժամանակ գլխավորապես լուծվում էին տարբեր կազմակերպչական հարցեր եւ կատարվում էր փորձի փոխանակում ու շփումներ էին հաստատվում, սակայն հետագայում այսպիսի ընդունելությունները վերածվել են բարձրաշխարհիկ հրավերքների՝ մեծ թվով հայտնիների մասնակցությամբ: Օրինակ՝ 1993 թվականին ընթրիքին ելույթ է ունեցել հայտնի դերասանուհի եւ երգչուհի Բարբարա Սթրեյզանդը, 2006-ին ընթրիքին մասնակցել է հայտնի երգիծաբան-հեռուստահաղորդավար Սթիվեն Քոլբերը, իսկ 2012-ին՝ Հոլիվուդի դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին: Այս ընդունելությունները կոչված են նաեւ ԱՄՆ-ում մամուլի ազատության ամրապնդմանը: Դրանից բացի, դրանց ժամանակ հանգանականություն է կատարվում սկսնակ լրագրողներին թոշակներ տալու եւ բարեգործական նախագծեր իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ