News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի ուժի մեջ մտած որոշումը մեկնաբանելը, դրա հետ կապված միջնորդություն ներկայացնելն անթույլատրելի է և վտանգում է արդարադատությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 6–ին ԲԴԽ–ում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը հայտարարեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզան Հակոբյանը։

Նրա խոսքով՝  նախարարի ներկայացրած միջնորդությունն անհիմն է, իսկ հարուցված կարգապահական վարույթը չի բխում Սահմանադրության այն դրույթից՝ համաձայն որի Վճռաբեկ դատարանը հանդիսանում է Վճռաբեկ ատյան, որի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։

Ըստ նրա՝  դատարանի որոշումները կարող են վերանայվել միայն նոր երևան եկած հանգամանքների հիմքով։

«Այս դեպքում, փաստացի, Վճռաբեկ դատարանի կոլեգիալ որոշման մեկնաբանությունը տալիս է գործադիր իշխանության  ներկայացուցչի կողմից և ստացվում է , որ բարձրագույն դատական ատյանի վերջնական ուժի մեջ մտած դատական ակտ ենք մենք քննարկում։ Կարծում եմ՝ սա անթույլատրելի է, վտանգում է արդարադատությունը և Վճռաբեկ դատարանի առաքելությունը»,–հայտարարեց նա։

Այսպիսով՝ Ռուզան Հակոբյանը  միջնորդեց մերժել  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությունը։

Նշենք, որ միջնորդության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանը մեկ ամիս անց վերադարձրել է՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:

Բողոքը բերող անձը շտկել է թերությունները և կրկին ներկայացրել այն, սակայն Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել է բողոքը վարույթ ընդունել, ինչից հետո բողոքաբերի ներկայացուցիչը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով:  Արտակ Զեյնալյանն էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին։

ՄԻջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 14–ին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ