ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառումը մեկնաբանվել են որպես ծաղր, սակայն այդ մեկնաբանությունը սխալ է: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը նշեց, որ Զախարովան անձամբ է բացատրել Facebook-ում իր գրառման իմաստը:
«Նա նշել է, որ որ բոլոր հարցերը պետք է լուծել միմյանց շահերը հաշվի առնելով եւ ընդունելի լուծումներ գտնել՝ դա ներկայացնելով որպես օրինակ տարբեր իրավիճկաներում մոտեցումների համար», - ընդգծեց նա:
Նշենք, որ հունիսի 7-ին Միջազգային տնտեսական համաժողովին վարչապետի խոսքերից հետո, Զախարովան հետեւյալ գրառումն էր արել՝
«Փաշինյանը՝ Պիտերի համաժողովին. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»:
Զախարովայի տվյալ գրառումը Նիկոլ Փաշինյանի որոշ կողմնակիցների դժգոհությունն էր առաջացրել, որոնք հերթական անգամ ծաղր էին տեսել վերջինիս ռուսերենի վերաբերյալ: Արդյունքում Զախարովան գրել էր, որ իրեն խնդրել էին հստակեցնել Փաշինյանի խոսքի մասին նրա վերաբերմունքը: Եվ նա լրացրել էր գրառումը: Մասնավորապես, Զախարովան գրել էր.
«Փաշինյանը՝ Պիտերի համաժողովին. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն: Ինձ խնդրել էին հստակեցնել Փաշինյանի խոսքի մասին իմ վերաբերմունքը: Արդարության համար հրապարակում են այն ամենն, ինչ ասվել է այդ թեմայով:
«Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար միայն մեկ ճանապարհ կա՝ այն կոչվում է փոխզիջում: Հարկավոր է աշխատել փոխզիջման ուղղությամբ: Փոխզիջման հասնելու համար փոխադարձ հարգանք է անհրաժեշտ: Ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը, միմյանց շահերի ըմբռնումը եւ հարգանքն այդ շահերի նկատմամբ: Հատուկ օժտվածների համար պարզաբանում եմ. բովանդակալից, դրական եւ հրաշալի: Ինձ շաաաատ դուր եկավ: Իսկ սադրիչներին՝ մի լսեք»: