News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սոցցանցերի թուրք օգտատերերը հետաքրքրվում են, թե ուր է անհետացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի առաջնորդը, որը սովորաբար հայտարարություն է անում գրեթե ամեն օր եւ նույն հաճախականությամբ ելույթ է ունենում թուրքական հեռուստաալիքների եթերում, չի ներկայացել հանրությանը անցած ուրբաթից, գրում է Ahval-ը:

Վերջին անգամ լայն հանրությունը նրան տեսել է ուբաթօրյա աղոթքից հետո, երբ նա խոսում էր լրագրողների հետ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ածխաջրածինների շուրջ ստեղծված լարվածության եւ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների մասին:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Էրդողանը ելույթ կունենա մի շարք հանրահավաքների ժամանակ Ստամբուլի 39 շրջաններում հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների նախօրեին: Սակայն Մեհմեթ Աչեթը՝ կառավարամետ «Ենի Շաֆաք» թերթի թղթակիցը, երկուշաբթի հայտարարել էր, որ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունն իր հերթին փոխել է իր նախընտրական ռազմավարությունն իր թեկնածու Բինալի Յիլդիրիմի շուրջ ուժերը կենտրոնացնելու համար:

Նրա խոսքով՝ ԱԶԿ-ը փոխել է իր ծրագրերը, քանի որ կուսակցության ռազմավարությունը մշակողմերը եկել են եզրահանգման, որ հիմնական ընդդիմությունն օգտագործում է նախընտրական արշավը Էրդողանին թիրախավորելու համար: Hürriyet թերթի թղթակից Աբդուլքադիր Սելվին, որը հայտնի է Էրդողանի հետ իր սերտ կապերով, նույնպես հայտարարել է, որ նախագահը կմղվի հետին պլան այդ քարոզարշավի ընթացքում:

Երեքշաբթի ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ Էրդողանի զանգվածային հանրահավաքները չեղարկվել են, իսկ նախագահի լուսանկարները հեռացվել են իր կուսակցության վիզուալ նյութերից:

Էրդողանն անցկացրել է զանգվածային հանրահավաքներ ամբողջ Թուրքիայի տարածքում մարտի 31-ին կայացած տեղական համազգային ընտրությունների նախօրեին, ինչը, վերլուծաբանների կարծիքով, սխալ էր, քանի որ նա հետ էր մղել իր կուսակցության թեկնածուներին: ԱԶԿ-ը կորցրել է մի շարք խոշոր քաղաքների նկատմամբ վերահսկողությունը, սակայն բողոքարկել էր հենց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները:

Այժմ սոցցանցերում շատերը հետաքրքրվում են՝ արդյոք Էրդողանը հիվանդացել է կամ գուցե կա մեկ այլ խնդիր, որի հետեւանքով նա անհետացել է հասարակության տեսադաշտից:

Ընդդիմադիր Duvar լրատվական կայքի թղթակից Քեմալ Ջանը հայտարարել է, որ Էրդողանի դուրս գալը նախընտրական քարոզարշավի շրջանակներից կարող է լինել կամ տակտիկական փորձ՝ ուղղված ընդդիմության թուլացմանը, կամ փորձ, որը միտված է պաշտպանելու Էրդողանին Ստամբուլի ընտրությունների պարտության հետեւանքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ