News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետական դուման ընդունել է օրենք ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՓՄՀՀՊ) դադարեցման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մայիսի 30-ին այդ օրինագիծը Պետդումայի քննարկմանն էր ներկայացրել Վլադիմիր Պուտինը։ Փաստաթղթին հավանություն են տվել միջազգային գործերի պրոֆիլային կոմիտեն եւ երկու համակատարող կոմիտեներ՝ անվտանգության եւ պաշտպանության գծով։

Նախագահին իրավունք է տրվում  ընդունել որոշում պայմանագրի գործողության վերսկսման մասին, «եթե իրավիճակը փոխվի եւ ԱՄՆ-ը վերադառնա իր պարտավորությունների կատարմանը», ընդգծել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Դաշնության խորհրդում ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են, որ սենատորները նախատեսում են դիտարկել օրինագիծը հունիսի 26-ի նիստում եւ հավանություն տալ դրան։

Փոքր (500-ից մինչեւ հազար կիլոմետր) եւ միջին (հազարից մինչեւ 5,5 հազար կիլոմետր) հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը համաձայնագիր է ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, որը ստորագրվել է 1987-ին։ Կողմերը պարտավորվել են ոչնչացնել ցամաքային բալիստիկ եւ թեւավոր հրթիռների բոլոր համալիրները, ինչպես նաեւ չարտադրել, չփորձարկել եւ չծավալել դրանք ապագայում։

2018-ի հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ՓՄՀՀՊ-ից՝ դա բացատրելով նրանով, որ Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները։ Ընդ որում՝ ապացույց, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, ամերիկյան կողմն այդպես էլ չի ներկայացրել։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային երկու ամիս տվեց, որպեսզի «վերադառնա համաձայնագրի պայմանների կատարմանը»։ Մասնավորապես, ԱՄՆ-ը պնդում էր, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի 9М729 (SSC-8) հրթիռից, որի հեռահարությունը, ինչպես պնդում էին Վաշինգտոնում, խախտում է ՓՄՀՀՊ դրույթները։

Մոսկվայում այդ մեղադրանքներն անվանեցին մերկապարանոց՝ ընդգծելով, որ հրթիռը չի ստեղծվել եւ չի փորձարկվել սահմանված սահմանափակումը գերազանցող հեռահարության համար։

Փետրվարին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է պայմանագրով իր պարտավորությունների կատարումը՝ ի պատասխան Միացյալ Նահանգների համանման գործողությունների։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ