News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ես ընտրված եմ օրենքի ուժով եւ պատրաստ եմ երդում տալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին Աջափնյակի նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը՝ անդրադառնալով իր՝ ԲԴԽ անդամ դառնալու անհնարինությանը։

Դիտարկմանը, թե ըստ որոշ իրավաբանների գնահատականների՝ անօրինական է նրա՝ ԲԴԽ անդամ դառնալը, Տավարացյանը պատասխանեց. «Ես ընտրված եմ օրենքի ուժով եւ պատրաստ եմ երդում տալ։ Դա իմ իրավունքն է և օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ։ Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան՝ իրենց խնդիրն է։ Իրենց խնդիրն է նաեւ այն, որ իրենք կարող են ժամանակի մեջ կարծիքները փոխել»։

Անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ անօրինական է Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ դառնալը, դատավորն արձագանքեց. «Ցավում եմ, որ նա է նմանատիպ հայտարարություն անում։ Ես Արփինե Հովհաննիսյանին միշտ բարձր եմ գնահատել։ Այսօր էլ բարձր եմ գնահատում։ Նրա հայտարարությունը պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակներով։ Ես չգիտեմ՝ ում հետ ինչ կապերի մեջ կլինի, կոնկրետ ինձ հետ մրցակցող դատավորներից որ մեկի հետ ինչ կապերի մեջ կարող է լինել։ Ինձ զարմացրել է նրա հայտարարությունը»:

Տավարացյանը, միաժամանակ, ասաց, որ Դատավորների ընդհանուր ժողովում իր թեկնածության հարցին դեմ է եղել դատավոր Սիմիզար Հովսեփյանը։ «Չեմ կարող ասել, որ նրա հիմնավորումները հստակ են, փաստարկված են, պարզապես մարդը չի ցանկանում, որ Նախշուն Տավարացյանը երդում տա, ինքը հղումն անում է որոշ իրավաբանների մեկնաբանություններին»,- ասաց նա։

Նա նաև ասաց, որ պատրաստ է վեթինգի ենթարկվել։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։

Այս կապակցությամբ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանը ՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո, երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն։

Տպել
Ամենաշատ