News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը եւ հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երեւանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ եւ գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,-ասել է նախագահը։ - Ես երկու օր է այստեղ եմ եւ ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետեւ շփվում ես իրական բնության եւ բացարձակ գեղեցկության հետ։

Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել եւ վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռիի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ եւ այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել եւ ցուցադրել, այլեւ գրավիչ դարձնել եւ՛ իրենց երիտասարդների, ժողովրդի եւ՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։

Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից եւ գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթեւոսյանի տանը՝ իր եղբոր եւ որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես «Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթեւոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։

Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաեւ՝ երկիրը ճանաչելը։

Զբոսաշրջության եւ ընդհանրապես զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը մասնավորապես կարեւոր է համարել բարեկարգ ճանապարհներ ունենալը: «Ես ուրախությամբ լսեցի, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թումանյանի տուն-թանգարանն այցելել է մոտ յոթ հազար մարդ, որոնցից վեց հազարն աշակերտներ են եղել։ Եկել են, քանի որ ճանապարհը ժամանակին կառուցվել է, եւ այսօր այդ ճանապարհը հնարավորություն է տալիս երեխաներին գալ այստեղ,- ասել է Արմեն Սարգսյանը։

«Բայց երեկ մենք գնացինք Ահնիձոր, ճանապարհ չկա։ Քսան կիլոմետր քշում ես փոշու մեջ, անընդհատ ցնցվելով, բայց փոշով պատած պատուհաններից այն կողմ տեսնում ես հիասքանչ, կուսական բնություն։

Ահնիձորում դպրոցն ունի ընդամենը քսան աշակերտ՝ մեկից իններորդ դասարան։ Իսկ Դսեղում մանկապարտեզներում մոտ երեք հարյուր աշակերտ կա, որովհետեւ ճանապարհն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն։

Ահնիձորում հարյուրից ավել մարդ է ապրում: Գոյատեւում են, որովհետեւ ամեն օր այդ ճանապարհով հնարավոր չէ գնալ ու գալ։ Ապրում են իրենց մեկուսացած կյանքով՝ դժոխային ճանապարհով դրախտում։

Ահնիձորի եւ շրջակա մի քանի գյուղերի համար ճանապարհ պետք է կառուցվի, բայց մինչ դա պետք է լավ մտածենք, որ ճանապարհը կառուցելով բնությանը վնաս չհասցնենք»։

Տպել
Ամենաշատ