News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի նախկին 22 աշխատակիցները խմբակային հայցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վճարել 6 տարի առաջ սնանկ ճանաչված ընկերության աշխատակիցների աշխատավարձերը։

Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատակիցների ներկայացուցիչ, փաստաբան Արտավազդ Պետրոսյանը։

Փաստաբանը շեշտում է՝  ՀՀ-ն 2005 թվականին ընդունել է գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիան, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործատուի անվճարունակության դեպքում աշխատողները ունեն արտոնյալ պայմաններում իրենց աշխատավարձերի վճարման իրավունք. «Միաժամանակ կոնվենցիան սահմանում է, որ եթե գործատուն անվճարունակության հետեւանքով ի վիճակի չէ վճարելու աշխատողների աշխատավարձը, այդ դեպքում վճարումները պետք է կատարվի երաշխիքային հաստատությունների միջոցով, պետք է վճարվի 8 շաբաթվա աշխատավարձը, 6 ամսվա արձակուրդային վճարները եւ արձակման նպաստը»։

Նա, սակայն, նկատում է, որ 2005 թվականից երաշխիքային հաստատություններ չեն գործում, ուստի ՀՀ կառավարությունը ցուցաբերել է անգործություն եւ չի կատարել կոնվենցիայի պահանջները. «Դրա համար մենք միաժամանակ դիմել ենք ՄԻԵԴ եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան»։

Փաստաբանը կառավարությանը հորդորում է հնարավորինս սեղմ ժամկետներում վճարել կարի ֆաբրիկայի համապատասախան աշխատավարձերը։

Նա շեշտում  է նաեւ՝ սույն հայցադիմումը ստանալուց հետո ՀՀ-ի անունից ի պաշտոնե հանդես եկող Ֆինանսների նախարարությունը շուտափույթ պետք է միջոցներ ձեռնարկել, սակայն որեւէ բան չի արել։

Կարի ֆաբրիկայի նախկին աշխատակից Գոհար Թամամյանը իր հերթին նշեց. «6 տարի է մեր հարցը չի լուծվում, 6 տարի է մեր հարցը ոչ մեկին պետք չէ, ոչ ոք այս հարցին լուծում չի տալիս, ոնց առաջ էր, այդպես էլ հիմա է։ Հիմա տվել ենք դատարան, տեսնենք արդյունքն ինչ կլինի»։

Նրա խոսքով՝ երբ ընկերությունը սնանկ է ճանաչվել, աշխատողներին ասել են, որ մինչեւ վերջին կոպեկը մարդիկ ստանալու են, սակայն այդպես էլ չի վճարվել նրանց. «Դիմել ենք վարչապետին, հանդիպել ենք աշխատակազմի ղեկավարի հետ, կառավարության դիմացը դարձել էր մեր աշխատատեղը»։

Տպել
Ամենաշատ