News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ավարտվեցին Համահայկական 7-րդ խաղերը, որը վերջին 14 օրերի ընթացքում մեծ բերկրանք պատճառեց բոլորիս, Հայաստանին, Արցախին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին Երեւանի Ազատության հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա, մասնավորապես, նշեց. «Կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու գերագույն հաճույքը: Մենք այսպիսով արձանագրում ենք, որ որպես ազգ, որպես ժողովուրդ մեկ ենք ու միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում:

Այսօրվա փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք եւ դա Երեւանն է:

Ուզում եմ շնորհավորել Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին, նաեւ բոլոր մասնակից մարզիկներին, որովհետեւ նրանք իրենց մասնակցությամբ մեծ արժեք, մեծ ուժ ու բովանդակություն են տվել համահայկական խաղերին: Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական 7-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, մեր այն հայրենակիցներին, որոնք այս ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ, բարեկամներ: Հույս ունեմ, որ այդ կապերը կպահպանվեն ու կշարունակվեն:

Համահայկական խաղերը այլեւս անշրջելիորեն տեղ են զբաղեցնում հայության մարզական օրակարգում, հայ ժողովրդի հանրային հյանքի օրակարգում, Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների օրակարգում: Սա մի հարթակ է, որտեղ անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից, մենք զգում ենք որպես մեկ ամբողջություն, մեկ միասնականություն:

Ես համոզված եմ, որ համահայկական 8-րդ խաղերն ավելի շատ մասնակիցներ են ունենալու, ավելի բարձր մակարդակ են ունենալու, ավելի բարձր տրամադրություն են ունենալու եւ մարզիկներն ավելի մեծ հաջողություններ են ունենալու:

Եվ ուրեմն կեցցեն համահայկական խաղերը, կեցցեն այդ խաղերի բոլոր մասնակիցները, կեցցե հայ ժողովուրդը:

Այսպիսով Համահայկական 7-րդ խաղերը համարում եմ փակված»:

Տպել