News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Բորդո եւ Լիբուռն քաղաքների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են մի շիշ գինի նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի համոզեն նրան սահմանափակիչ տուրքեր չմտցնել ճյուղում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես տեղեկացնում է «Վեն մինյութ» պորտալը, նվերը նախատեսում են մատուցել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը ժամանի Ֆրանսիա՝ մասնակցելու Բիարիցում կայանալիք յոթնյակի գագաթաժողովին։

Խոսքը 2000 թվականի Château Figeac Saint-Emilion grand cru classé գինու մասին է։ Գիտակները նշում են, որ այն ունի մայրի, սեւ սալոր եւ անանուխ հիշեցնող տտիպ համ։ Ինտերնետում հենց այդ թվականի գինու մեկ շշի արժեքը տատանվում է 200-ից մի փոքր ցածր սահմաններում։

«Ժեստն անհրաժեշտ է G7 գագաթաժողովում Դոնալդ Թրամփի ուշադրությունը Նոր Աքվիտանիա (շրջանի) հանդեպ գրավելու համար։ Մենք նրան կնվիրենք այդ շիշը, որը մեր մառանի հիասքանչ նմուշ է, եւ հույս ունենք, որ նա բարյացակամ կգտնվի եւ չափավորություն կցուցաբերի ֆրանսիական գինիների մաքսատուրքերը բարձրացնելու իր ծրագրերի համատեքստում»,- իր Թվիթերում գրել է Բորդոյի քաղաքապետ Նիկոլա Ֆլորիանը։ Նման հայտարարություն է արել նաեւ Լիբուռնի կոմունայի քաղաքապետ Բյուիսոն Ֆիլիպը, որը Ֆլորիանի հետ միասին ուրբաթ եղել է Քվեբեկում, գինետոնի բացման ժամանակ։

Պատահական չէ, որ հայտարարությունը հնչել է հատկապես Բորդոյի քաղաքապետի կողմից. բացի այն, որ այս քաղաքը Նոր Աքվիտանիայի վարչական կենտրոնն է, որի մեջ է մտնում Բիարիցը, հենց այդ քաղաքի օդանավակայանում է, ըստ «Վեն մինյութի» տեղեկատվության, վայրէջք կատարելու Թրամփի նախագահական Air Force One ինքնաթիռը։ Նշվում է, որ սկզբում նրա ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր օգոստոսի լույս 23-ի գիշերը Բիարիցի օդանավակայանում, բայց ամերիկյան կողմին չի գոհացրել թռիչքուղու երկարությունը։ Բորդոյից նա կնստի Marine One ուղղաթիռը, որով էլ կժամանի գագաթաժողովի անցկացման վայր։

Նվերի հեռանկարները, որը հաստատ կգնահատեին իրենք՝ ֆրանսիացիները, բավական մշուշոտ են, քանի որ Թրամփն ինքը գինի չի խմում եւ ալկոհոլ ըստ էության չի սիրում։ Նրան շատ են տեսել գինու գավաթը ձեռքին, որի մեջ, սակայն, եղել է դիետիկ կոլա՝ ԱՄՆ նախագահի սիրելի ըմպելիքը։ Ի դեպ, նա նաեւ ամերիկյան ֆասթ ֆուդի սիրահար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել