News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ են տվյալ օրինագծին, սակայն «կողմ» կքվեարկեն՝ այդ թեմայով հետագայում որեւէ սպեկուլյացիա թույլ չտալու համար։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ընդ որում, նա համաքաղաքացիներին զգուշացրեց հնարավոր հետեւանքների մասին։

«Պարզապես, հարգարժան համահայրենակիցներ, համաքաղաքացիներ, որոնք իրենց բիզնեսն ունեն Երեւանում, ցանկանում եմ ձեզ զգուշացնել տվյալ օրենքից բխող բոլոր հնարավոր հետեւանքների մասին։ Քաղաքական պատասխանատվությունը կկրի քաղաքական մեծամասնությունը»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Խոսելով հնարավոր սպեկուլյացիաների մասին՝ պատգամավորը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի սեփականությունը, որը բազմաթիվ թանկարժեք անշարժ գույքեր ունի, որոնք կկարգավորվեն տվյալ օրինագծով։       

Հիշեցնենք, որ տվյալ օրինագծով առաջարկվում է անշարժ գույքի կադաստրային գնի լուրջ վերահաշվարկ անցկացնել։ Կադաստրը կվերանայի գները, իսկ թե ինչպես պետք է հաշվարկվեն հարկերը, արդեն կորոշի ֆինանսների նախարարությունը։ Արդյունքում ակնկալվում է, որ ճոխ եւ թանկարժեք առանձնատների եւ օբյեկտների նկատմամբ հարկը լրջորեն կբարձրանա։

Նշենք նաեւ, որ իշխող դաշինքի պատգամավորները հավանություն տվեցին օրինագծին, այն ընդունվեց առաջին ընթերցմամբ 92 «կողմ», 15 «դեմ» եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել