News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 16-20-ը, որը տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ «ԱՅԲ» դպրոցի բազաների հիման վրա Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) կազմակերպչական աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Պոլիտեխնիկական համալսարանի լրատվության բաժնից։

Պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի արտահերթ նիստում, սեպտեմբերի 30-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի, «Այբ» կրթական հիմնադրամի, Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) եւ «Լոկատոր» ՓԲ ընկերության միջեւ կնքվեց հնգակողմ համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, «Լոկատոր» ՓԲԸ տնօրեն Արման Խաչատրյանը, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը:

Դեռեւս մայիսի 21-ին, երբ Պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել էր Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) պատվիրակությանը, որոշվեց կազմակերպել միջազգային գիտագործնական ֆորում՝ կնքելով լայն համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա համագործակցել ոչ միայն ֆորումի շրջանակներում, այլեւ հետագայում եւս՝ նոր, ամուր հիմք կհանդիսանա փոխադարձ հետաքրքրության ոլորտներում իրականացվելիք միջոցառումների համար:

Այն իրականացվում է գիտատեխնիկական, գիտական եւ կրթական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտում ներգրավելու եւ համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Ֆորումը միտված է նպաստելու ինժեների, հետազոտողի, գիտաշխատողի, բուհի դասավանդողի հեղինակության, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող երիտասարդների կարգավիճակի բարձրացմանը, ինչպես նաեւ խթանելու հանրակրթական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրության առաջացմանը ինժեներական եւ գիտատեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ:

Ֆորումը ներառում է հետեւյալ երեք ուղղությունները՝

- Գիտական կոնֆերանս. կներկայացվեն եւ կքննարկվեն արդի գիտատեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում։

- Հեքըթոն. անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծում։

-Դպրոցական կրթական հարթակ:

36 ժամ տեւողությամբ Հեքըթոն միջոցառման ընթացքում մասնակիցները պետք է մշակեն լուծումներ ֆորումի բիզնես գործընկերների առաջադրած խնդիրների համար եւ նախատիպի տեսքով դրանց ներկայացնեն ժյուրիին՝ գնահատման համար: Հեքըթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն առանց տարիքային կամ որեւէ այլ սահմանափակման: Մասնակցության համար կարող են գրանցվել նվազագույնը 2 առավելագույնը 6 անդամից բաղկացած թիմերը: Անհատները նույնպես կարող են ներկայացնել հեքըթոնի մասնակցության հայտ որի հիման վրա նրանց կառաջարկվի միանալ թիմերից որեւէ մեկին կամ ստեղծել նոր թիմ այլ անհատ մասնակիցների հետ: Հաղթող ճանաչված թիմերը կարժանան մրցանակների:

Կրթական հարթակում կկազմակերպվեն դպրոցականների ստեղծած գիտական եւ տեխնիկական նախագծերի ցուցահանդես, վարպետաց դաս՝ «Ինչպես հավաքել անօդաչու թռչող սարք զրոյից» եւ ցուցադրական ելույթներ «Школы дронов» -ի դասավադողների ու World Skills-ի «ԱԹՍ-ի կառավարում» կատեգորիայի չեմպիոնների մասնակցությամբ: Ցուցահանդեսին կարող են մասնակցել ինչպես նախատիպային, այնպես էլ օգտագործման համար պատրաստ մոդելները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ