News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեմ հասկանում, թե ինչու է իշխանությունն ամեն անգամ այնպիսի քայլեր անում, որոնք  իրեն հեղինակազրկում են։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 18–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը՝  անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցմանը։

«Իշխանության քայլերը պետք է խիստ օրինական լինեն, և ես չեմ հասկանում, թե ինչու են իշխանությունները գնում այնպիսի քայլերի, որոնք իրավական տեսակետից անհիմն են և հեղինակազրկում են իրենց»,–ասաց նա։

ՍԴ նախկին անդամի կարծիքով՝ խնդիրը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական դաշտում է։

«Քաղաքական խնդիրները չի կարելի զուտ իրավական քողի ներքո անցկացնել, եթե քաղաքական խնդիր են տեսնում, ստիպված են փոխել Սահմանադրությունը»,–ասաց նա։

Անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հիմնավորմանը, թե Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելիս, Բալայանն արձագանքեց.

«Երբ ես ժամանակին ընտրվել եմ ՍԴ անդամ, դիմում չեմ գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Երբ  ինձ դիմել են, որ ես դիմում գրեմ, ասել եմ՝ ինչու՞ պետք է գրեմ, եթե Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ Սահմանադրական դատարանի անդամը չի կարող կուսակցության անդամ լինել։ Ասել եմ, քանի որ ես ընտրվել եմ ՍԴ անդամ, ինձ Դաշնակցության շարքերից հանեք, սա է ճիշտ ձևը, ինչու՞ պետք է անձը դիմում գրի, ասի  ես պատգամավորական  լիազորություններս դադարեցնում եմ, երբ որ նույն մարմինն իրեն ընտրել է ՍԴ դատավոր»։

Կիմ Բալայանը միաժամանակ նկատեց՝ Սահմանադրական դատարանը դեռևս ճնշման ազդեցության տակ որոշում չի կայացրել։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ