News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում ունեցավ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմի հետ:

ԱԻՆժ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով խորհրդատու Նորա Միրզոյանը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց ԱԻՆ-ի եւ համաշխարհային բանկի փոխգործակցությունը, հատկապես կարեւորելով արդեն իրականացված համատեղ ծրագրերը:

ԱԻՆ-ը եւ համաշխարհային բանկն արդեն ունեն համագործակցության փորձ Հիդրոմետ եւ Սեյսմիկ ոլորտներում:

Համաշխարհային բանկի աջակցությամբ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում Հիդրոմետ ծառայությունում տեղի են ունեցել աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

Սեյսմիկ ոլորտում 2016-2018 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ՝ Միջազգային կոնսորցիումի կողմից կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման 1:500000 մասշտաբի նոր քարտեզ, որի իրականացման աշխատանքներին ներգրավված է եղել նաեւ ԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: Այդ նոր քարտեզի օրինակը տրամադրվել է նաեւ Քաղաքաշինության կոմիտեին:

Կոնսորցիումի կողմից կազմվել եւ ներկայացվել են նաեւ ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման արդիականացված քարտեզներ՝ երկրաշարժերի կրկնելիության տարբեր ժամանակահատվածների եւ ուժգնության տարբեր հավանականությունների համար, ինչը գիտական եւ տեղեկատվական հիմք է ծառայում սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի վերանայման եւ արդիականացման համար:

Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում կարեւորեց աղետների ռիսկի գնահատման եւ կանխարգելման կարողությունների զարգացումը, որին պետք է միտված լինի նաեւ Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Փրկարար ծառայության կարողությունների, անձնակազմի պատրաստվածության եւ շենք շինությունների վիճակի վերաբերյալ: Նախարար Ցոլակյանը նշեց, որ 64 հրշեջ-փրարարական ջոկատներից 32-ն արդեն գտնվում են վերանորոգման եւ արդիականացման փուլում:

Նախարար Ցոլակյանը խոսեց նաեւ հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարարության խնդրի մասին: Ըստ ուսումնասիրությունների՝ օրինակ Երեւանում, 12 հրշեջ-փրկարարական ջոկատների փոխարեն անհրաժեշտ է նվազագույնը 20 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:

Աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն նույնպես բարձր գնահատեց ԱԻՆ-ի հետ համագործակցությունը: Տաֆաձվա Դուբեն պատրաստակամություն հայտնեց գարնանը, ՀԲ-ի ուսումնասիրություններից հետո, ներկայացնել ԱԻՆ կարիքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն եւ երկարաժամկետ հեռանկարում առավելագույնս օժանդակել խնդիրների լուծմանը:

Համաշխարհային Բանկի առաքելության նպատակն է իրականացնել արտակարգ իրավիճակներում արձագանքելու եւ օպերատիվ պատրաստվածության ազգային կարողությունների նախնական գնահատում, հույժ կարեւոր ենթակառուցվածքներին վերաբերող քաղաքականությունների եւ ծրագրերի գույքագրում, ինչպես նաեւ համաձայնության գալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու եւ կարեւոր կառույցների տեխնիկական գնահատման շուրջ:

Տպել
Ամենաշատ