News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ազգային օրակարգ» կուսակցությունը պահանջում է 2020-ի բյուջետային հատկացումների մեջ ռազմական ծախսերն ավելացնել 20 տոկոսով:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 30-ին, ՀՀ Կառավարությունը ընդունեց 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանեց հետագա մեկ տարվա իր հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով, ՀՀ ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,2%-ով, ներկա 300,585 մլրդ․ դրամից մինչեւ 301,243 մլրդ․ դրամ, այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացնել 14%-ով, 1,648,063 մլրդ․ դրամից մինչեւ 1,880,186 մլրդ դրամ։

Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերի մասնաբաժինը 2019 թ․ 18,2%-ից նախատեսվում է 2020 թ․ նվազեցնել մինչեւ 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել բազմաթիվ այլ ծախսեր, ներառյալ որոշ դեպքերում կրկնապատիկ եւ եռապատիկ չափով, իսկ բյուջեին կից Կառավարության տարեկան ուղերձի «Սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները» բաժնում նաեւ զարմանալի կերպով բացակայում է պաշտպանությանը վերաբերվող որեւէ դրույթ։

Սա տեղի է ունենում փաստացի այն իրողությունում, երբ հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակում է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, արձանագրելով բյուջեի ընդհանուր ծախսերի աճ ընդամենը 1,7%-ով, բայց դրանով հանդերձ նախատեսելով պաշտպանական ծախսերի աճ ամբողջ 20,9%-ով, այն հասցնելով տարեկան 2,267 մլրդ․ ԱՄՆ դոլարի։ Հատկանշական է, որ այդ միջոցներից մոտ 945 մլն․ ԱՄՆ դոլարը Ադրբեջանը ծրագրում է օգտագործել իր տարբեր գործընկերներից սպառազինությունների լայնածավալ գնումների վերսկսման եւ ռազմարդյունաբերական ներդրումների համար։

Այս ամենը զուգակցվում է արցախյան հակամարտության շուրջ ադրբեջանական կողմի դիրքորոշման մեջ անհանդուրժողականության էական ավելացմամբ եւ ռազմականացված հռետորաբանության նկատելի կոշտացմամբ։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահը վերջին ժամանակներս ունեցած իր ելույթներում հերթական անգամ հայտարարել է, որ Արցախը աներկբա հանդիսանում է Ադրբեջանի մաս, եւ ավելին՝ լկտիաբար տարածքային հավակնություններ է ներկայացրել Սյունիքի նկատմամբ, դրանով անթաքույց դրսեւորելով իր մտադրությունը՝ ավելացնելու ուժային ճնշումը Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վրա։

Այս պայմաններում, ՀՀ Կառավարության կողմից պաշտպանական ծախսերի սառեցումը առնվազն տարակուսանք է առաջացնում, եւ կարող է հանգեցնել արդեն իսկ հայկական կողմի համար անբարենպաստ ռազմատեխնիկական հաշվեկշռի հետագա վատթարացմանը, դրանից բխող բոլոր հետեւանքներով։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը պահանջում է ՀՀ Կառավարությունից եւ Ազգային ժողովից՝ համարժեք արձագանքել մեր երկրի առջեւ կանգնած կենսական մարտահրավերներին, վերանայել 2020 թ․ բյուջետային հատկացումների տրամաբանությունը՝ հակառակորդի ավելացմանը համեմատական ավելացնելով ռազմական պաշտպանության ծախսերը (առնվազն 20%-ով), ինչպես նաեւ ուղղելով հավելյալ միջոցները՝ առկա իրավիճակի համար ընդունելի անվտանգային մակարդակի հասցնելու Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պաշտպանական կարողությունները։

Տպել
Ամենաշատ